Վարչաիրավական

Ովքե՞ր կարող են պարտադիր զինվորական ծառայություն անցնել իրենց բնակավայրին մոտ գտնվող զորամասում:

Իրենց բնակավայրին մոտ գտնվող զորամասում զինվորական ծառայություն կարող են անցնել`
✔️այն քաղաքացիները, ովքեր միայնակ և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակն են,
✔️այն զորակոչիկները, ովքեր ունեն ՀՀ սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև ՀՀ-ում գտնվող օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր),
✔️երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն 18 տարին լրացած քույր կամ եղբայր,
✔️այն զորակոչիկները, որոնց վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարը համապատասխան հրաման կտա:

Բ.-ն 27 տարեկան է: 17 տարեկան հասակում Բ.-ն իր ծնողների հետ միասին մեկնել է արտերկիր: Բ.- ցանկանում է վերադառնալ Հայաստան և ցանկանում է ստանալ զիվորական գրքույկ: Ի՞նչ եղանակով Բ.-ն կարող է ստանալ զինվորական գրքույկ

Եթե Բ.-ն անօրինական եղանակով խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից, և նրա 27 տարին արդեն լրացել է, ապա նա կարող է չանցած յուրաքանչյուր զորակոչի համար վճարել 100.000 ՀՀ դրամ գումար, որից հետո 1 ամսվա ընթացքում կդադարեցվի Բ.-ի հանդեպ հարուցված քրեական հետապնդումը, Բ.-ին կտրամադրվի զինվորական գրքույկ և նա կհաշվառվի պահեստազորում:

Կ.-ն ընդունել է մեկ ուրիշ պետության քաղաքացիություն, արդյո՞ք Կ.-ն պարտավոր է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ՀՀ-ում:

Եթե ՀՀ քաղաքացին ընդունել է մեկ ուրիշ պետության քաղաքացիություն, Կ.-ն պարտավոր է ծառայել ՀՀ-ում` անկախ այն հանգամանքից, թե Կ.-ն ծառայել է մեկ այլ պետությունում, թե` ոչ:

Ի.-ն կատարել է վարչական իրավախախտում, որի արդյունքում կայացվել է վարչական տուգանքի մասին որոշում: Ո՞ր դեպքում վարչական մարմինը կարող է առանց դատարան դիմելու անմիջապես դիմել հարկադիր կատարողին:

Եթե նշանակված տուգանքի չափը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը:
Օրենքը նախատեսում է որոշակի դեպքեր, երբ համապատասխան մարմինը վարչական ակտով վճարման ենթակա գումարի բռնագանձման համար պարտադիր պետք է դիմի դատարան և ստանա կատարողական թերթ: Այդ դեպքերն են`
1.երբ Ի.-ից գանձման ենթակա գումարը 200.000 ՀՀ դրամից ավել է,
2.երբ այլ գույքի բացակայության պարագայում գումարը կարող են բռնագանձել միայն Ի.-ին պատկանող միակ բնակարանը բռնագանձելով,
3.երբ կազմակերպությունից կամ գործարարից գանձման ենթակա գումարը ավել է, քան այդ կազմակերպության գույքի արժեքը:

Բ.-ն ցանկանում է ներկայացնել բողոք համապատասխան մարմնի գործողության կամ անգործության դեմ: Ե՞րբ Բ.-ն կարող է ներկայացնել բողոք:

Բ.-ն համապատասխան մարմնի գործողության դեմ կարող է բողոք ներկայացնել 1 ամսվա ընթացքում այն օրվանից սկսած, երբ այդ մարմինը կատարել է այդ գործողությունը, իսկ անգործության դեմ` 2 ամսվա ընթացքում այն օրվանից սկսած, երբ այդ մարմինը պետք է կատարի որոշակի գործողություն, սակայն չի կատարել:

Կ.-ն տուգանվել է, սակայն տուգանքի մասին ՃՈ-ի որոշումը չի ստացել, տուգանքը 50 տոկոսով ավելացել է: Ի՞նչ անել:

Կ.-ն պարտավոր է պատրաստել գրավոր դիմում ՃՈ-ի պետի անունով՝ պահանջելով, որ ցանկացած դեպքում տուգանքի չափը լինի սկզբնականը՝ առանց ավելացած մասի, իսկ եթե տուգանքի կատարումը հանձնվել է ԴԱՀԿ ծառայությանը, ապա պահանջելով, որ կատարողական ծախսերը չլինեն վճարման ենթակա գումարի մեջ:
ՃՈ-ի ոստիկանը տուգանք նշանակելու մասին որոշումըպետք է կայացներ Կ.-ի ներկայությամբ և հայտարարեր ու հանձներ Կ.-ին այն անմիջապես կայացվելուց հետո:

Պ.-ն մեքենան վարելիս ամրացրել է ամրագոտին, իսկ ուղևորները՝ ոչ: Արդյո՞ք Պ.-ն կենթարկվի վարչական պատասխանատվության:

Այո, առանց ամրագոտու ուղևոր տեղափոխելու համար Պ.-ն ստիպված կլինի վճարել տուգանք:

Ի՞նչ հետևանքներ կարող է անձի համար առաջացնել Ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից վարչական ակտի վերաբերյալ կազմված արձանագրությունը չստորագրելը:

Արձանագրությունը պարզապես չստորագրելը որևէ կերպ անձի օգտին չէ: Ավելին, չստորագրելու դեպքում ոստիկանն այդ մասին նշում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ: Դրա փոխարեն անձը իրավունք ունի արձանագրության բովանդակության առթիվ ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց հրաժարվելու շարժառիթները:

Ի՞նչ անել, եթե չունեք բավարար միջոցներ վարչական ակտով սահմանված տուգանքի ամբողջ գումարը միանգամից վճարելու համար:

Տուգանքի մասին որոշումը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում կարող եք գրավոր դիմում ներկայացնել Ճանապարհային Ոստիկանությանը տուգանքի վճարումը հետաձգելու խնդրանքով: Նման դիմումներ կայացնելուց հետո վճարումը համարվում է հետաձգված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս: Դիմումը կազմվում է գրավոր՝ նշելով դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, տուգանք նշանակելու մասին որոշման համարն ու նշանակման ամիսը/ամսաթիվը/տարեթիվը, մեքենային տվյալները, մասնավորապես՝ տեխ. անձնագրի համարը, պետ. համարանիշները, մեքենայի մակնիշը:

Պաշտոնատար անձինք կրո՞ւմ են արդյոք պատասխանատվություն օրենքի խախտման համար :

Հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝  հինգ հարյուր հազար դրամի չափով:
Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա  ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ երկու միլիոն դրամի չափով:
Հանձնաժողովի անդամներին կամ աշխատակիցներին Օրենքով, կանոնադրությամբ կամ այլ իրավական ակտերով վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` հինգ հարյուր հազար դրամի չափով:
Օրենքի պահանջների խախտման համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ի՞նչ է համակենտրոնացումը:

Տնտեսվարող սուբյեկտի համակենտրոնացում է համարվում`
ա) տնտեսվարող սուբյեկտների միացումը կամ միաձուլումը,
բ) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների կամ փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոսը,
գ) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա

Փոխհատուցվո՞ւմ են արդյոք տնտեսվարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցված վնասները:

Եթե Օրենքը խախտելու միջոցով տնտեսվարող սուբյեկտի գործողությունների (անգործության) հետեւանքով այլ տնտեսվարող սուբյեկտներին կամ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք  ենթակա են հատուցման խախտում կատարած խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե անօրինական որոշումներով, գործողություններով (անգործությամբ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են փոխհատուցման՝  օրենսդրությամբ սահմանված կարգով

Որո՞նք են անբարեխիղճ մրցակցության գործողությունները:

1.Տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը,
2.Տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկումը,
3.Հասարակության մոլորեցումը,
4.Տնտեսվարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը,
5.Անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ:

Ի՞նչը կարող է հանդիսանալ չբացահայտված տեղեկատվության առարկա:

Չբացահայտված տեղեկատվության առարկա կարող են լինել արտադրության եղանակները, քիմիական բանաձեւերը, գծագրերը, փորձնական նմուշները, ապրանքի վաճառքի եւ բաշխման  եղանակները, պայմանագրի ձեւերը, գործարար ծրագրերը, պայմանագրային գների մանրամասնությունները, սպառողների մասնագիտական գործունեության ոլորտները (պրոֆիլները), գովազդման ռազմավարությունը, մատակարարների կամ հաճախորդների ցուցակները, համակարգչային ծրագրային ապահովումները, տվյալների հիմնապաշարները (բազաները) եւ այլն:

Ի՞նչ կարգով են Հանձնաժողովի կողմից կիրառվում պատասխանատվության միջոցները:

Օրենքի խախտման դեպքում, նախնական ծանուցմամբ, Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, այդ թվում` տալ նախազգուշացում եւ խախտումները շտկելու եւ (կամ) հետագայում բացառելու հանձնարարություն եւ (կամ) նշանակել օրենքով նախատեսված չափերով տուգանք եւ (կամ) որոշակի ժամկետով կասեցնել համակենտրոնացումը եւ (կամ) ուժը կորցրած ճանաչել այն:

Call Now