Ժառանգության իրավունք

Գ.-ի հայրը կազմել է կտակ, սակայն կտակում Գ.-ի անունը նշված չէ: Գ.-ն 16 տարեկան է և սովորում է դպրոցում: Արդյո՞ք Գ.-ն ժառանգություն ստանալու իրավունք ունի:

Այո: Գ.-ն ժառանգություն ստանալու իրավունք ունի: Գ.-ի հոր մահվանից հետո անչափահաս երեխաները ունեն պարտադիր ժառանգության իրավունք:

Ի.-ի ծնողը մահացել է ավելի շուտ, քան տատիկը: Ի.-ն իրավունք ունի՞ ընդունելու ծնողի ժառանգությունը:

Նման դեպքում Ի.-ն իրավունք ունի ժառանգելու Ի.-ի ծնողի հասանելիք ժառանգության հատվածը, որը կժառանգեր վերջինս կենդանի լինելու դեպքում: Սա կոչվում է ժառանգություն ներկայացման իրավունքով: Քույրեր և եղբայրներ ունենալու դեպքում ժառանգությունը բոլորի միջև կբաժանվի հավասարապես:

Ինչպե՞ս ստանալ ժառանգությունը:

Ժառանգատուի մահից հետո 6 ամսվա ընթացքում պետք է դիմեք ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակ, որտեղ Ձեզ կօգնեն ներկայացնելու համապատասխան դիմումը և կնշեն պահանջվող փաստաթղթերի ցանկը:
Եթե բաց եք թողել ժառանգության ընդունման համար սահմանված 6 ամսվա ժամկետը, սակայն ժառանգ համարվող մնացած անձինք արդեն ընդունել են ժառանգությունը և նրանք համաձայն են, որ Դուք նույնպես ընդունեք ժառանգությունը, ապա կարող եք այն ընդունել առանց Դատարան դիմելու: Այս դեպքում կրկին պետք է դիմել նոտարական գրասենյակ:
Եթե բաց եք թողել ժառանգության ընդունման համար սահմանված 6 ամսվա ժամկետը, սակայն ժառանգների միջև չկա համաձայնություն, ապա պետք է դիմեք դատարան և ապացուցեք, որ հարգելի պատճառով եք բաց թողել ժամկետը:

Ո՞րն է ժառանգության հասկացությունը:

Ժառանգության հասկացությունն անխզելիորեն կապվում է անձի մահվան և մահացածին պատկանող սեփական գույքի և այլ նյութական արժեքների, այդ թվում նաև մտավոր սեփականության ճակատագրի որոշման հետ: Դա նաև անձի սեփականության իրավունքի իրականացման ձևերից մեկն է:
Նկատի պետք է ունենալ, որ քաղաքացու մահը հիմք չէ մահացածի սեփականության իրավունքը դադարած համարելու համար: Մահացածի սեփականության իրավունքը դադարում է օրենքով նախատեսված կարգով նրան պատկանող գույքի օտարման հիմքերով:
Քաղաքացիական օրենսգրքի 1184 հոդվածը վերնագրված է «ժառանգության հասկացությունը» և որպես այդպիսին սահմանում է. «Ժառանգության դեպքում մահացածի գույքը /ժառանգությունը/ անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով»:

Որոն՞ք են Ժառանգության հիմնական հասկացությունները:

Ժառանգության հետ կապված հարաբերություններում օգտագործվող հիմնական հասկացություններն են` «ժառանգատու», «ժառանգ», «ժառանգության գույք կամ ժառանգության զանգված», «կտակ», «կտակարար», «ժառանգության բացում», «ժառանգության ընդունում», «նոտար», որոնցից յուրաքանչյուրի մասին կխոսվի առանձին:

Ո՞Վ է ժառանգատուն:

Ժառանգատուն այն մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված քաղաքացին է, որին պատկանող սեփականության նկատմամբ բացվել է ժառանգություն: Օրենքի իմաստով, ժառանգատու կարող է լինել միայն ֆիզիկական անձը: Իրավաբանական անձի լուծարման, վերակազմակերպման, միացման և այլ դեպքերում նրան պատկանող գույքի ճակատագիրը որոշվում է իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող իրավական նորմերով:Ժառանգատու կարող է լինել յուրաքանչյուր ֆիզիկական անձ` անկախ տարիքից, գործունակ կամ անգործունակ լինելուց, քաղաքացիությունից, սեռից, ռասայից, սոցիալական ծագումից: Օրինակ, նորածինը կարող է հանդիսանալ ժառանգատու, եթե նա մահացել է և նրա անվամբ գույք կա որպես սեփականություն:

Ո՞վ է ժառանգը:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է երկու կարգի ժառանգներ` ժառանգներ ըստ օրենքի և ժառանգներ ըստ կտակի: Նման բաժանման իմաստն այն է, որ եթե ժառանգատուն կենդանության օրոք կտակ չի կազմել այն մասին, թե ինչպիսի կարգադրություն է անում իրեն պատկանող սեփականությունը իր մահից հետո տնօրինելու վերաբերյալ, ապա նրա սեփականության տնօրինման հարցը լուծվում է օրենքով` որպես սեփականություն հանձնվում է այն անձանց, որոնց օրենքը ճանաչում է որպես ժառանգներ: Այս կատեգորիայի ժառանգներ օրենքը ճանաչում է մահացածի /ժառանգատուի/ հետ ազգակցական կապեր ունեցող անձանց:

Ովքե՞ր են հանդիսանում ըստ օրենքի ժառանգները:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1190 հոդվածի՝ ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության օրոք սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:

Ովքե՞ր են անարժան ժառանգները:

Անձին ժռանգությունից մեկուսացնելու, այսինքն՝ ժառանգման իրավունքից ժառանգին զրկելու հիմքերն ու պայմանները սահմանված են ՀՀ Քաղ. օր-ի 1191 հոդվածով, համաձայն որի..
«1. Ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգությունից մեկուսացվում այն անձինք, ովքեր
•    դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը,
•    դիտավորյալ կյանքից զրկել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին,
•    մահափորձ են կատարել ժառանգատուի կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկի նկատմամբ:
Բացառություն են կազմում այն անձինք, որոնց նկատմամբ ժառանգատուն կտակը կազմել է մահափորձ կատարելուց հետո:

Ի՞նչ պետք է հասկանալ ժառանգության զանգված ասելով:

Ժառանգության զանգվածն այն ամենն է, ինչը կենդանության օրոք պատկանել է մահացածին և պահպանվել նրա մահից հետո: Այն կարող է իրենից ներկայացնել շարժական կամ անշարժ գույք,  դրամ, արժեթղթեր, գույքային իրավունքներ  և պարտավորություններ, որոնք չեն դադարում նրա մահվամբ և կարող են փոխանցվել նրա ժառանգներին:
Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում և ժառանգման կարգով չեն փոխանցվում ժառանգատուի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես՝
•    ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները,
•    քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը,
•    անձնական ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական բարիքները,
•    այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում օրենքով:
Ժառանգական զանգվածի մեջ են մտնում, հետևաբար ժառանգման առարկա են հանդիսանում և ժառանգներին են փոխանցվում ոչ միայն ժառանգատուի սեփականությունը համարվող գույքը (բնակարան, մեքենա, կենցաղային իրեր, դրամ և այլն), այլև նրա գույքային իրավունքները և պարտավորությունները:

ի՞նչ կարգով է հաստատվում սեփականության իրավունքով գույքի պատկանելությունը ժառանգատուին:

Ինչպես գիտենք, անշարժ գույքի նկատմամբ ցանկացած իրավունք ենթակա է պետական գրանցման: Շարժական գույքի որոշ տեսակներ նույնպես օրենքով սահմանված կարգով գրանցվում և հաշվառվում են սեփականատիրոջ անվամբ (օրինակ` ավտոտրանսպորտային միջոցները, արվեստի մեծարժեք գործերը և այլն): Ֆինանսական միջոցների վերաբերյալ կարող է լինել խնայդրամարկղային գրքույկ, աբոննենտային քարտ, արժեթղթերի, բաժնեմասերի համապատասխան հաշվառումներ այդպիսիք տրամադրող մարմիններում:
Գույքի նկատմաբ իրավունքը գրանցած մարմնի տված տեղեկանքը հիմք է տվյալ գույքը ժառանգության զանգվածում ներառելու համար:
Չգրանցված շարժական գույքը ժառանգատուին պատկանելու շուրջը վեճ ծագելու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:
Պրակտիկայում հաճախակի հանդիպող վեճերից են ժառանգատուի կողմից իրականացված ինքնակամ կառույցների, ինքնակամ զբաղեցված հողամասերի՝ ժառանգության զանգվածի մեջ մտցնելու պահանջով վեճերը:

Որո՞նք են ժառանգության բացման տեղը և ժամանակը:

Ժառանգության բացում ասելով պետք է հասկանալ ժառանգության իրավահարաբերության մեկնարկը, որը վրա է հասնում որոշակի իրավաբանական փաստերի առկայության դեպքում, այն է՝ քաղաքացու մահը, կամ դատական կարգով նրան մահացած ճանաչելը:
Ժառանգության բացման պահ է համարվում քաղաքացու մահվան օրը, իսկ այն դեպքում, երբ նա մահացած է ճանաչվել դատական կարգով, ապա դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:  Այդ պահից է, որ ժառանգներն իրավունք ունեն դիմելու ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգության ընդուման կամ ժառանգական վկայագիր ստանալու համար:
Ժառանգությունը ընդունելու կամ ժառանգության վկայագիր ստանալու համար նոտարին դիմելը պետք է իրականացվի վեց ամսվա ընթացքում` հաշված Ժառանգության բացման պահից:

Ի՞նչ ձևով է ընդունվում ժառանգությունը:

Համաձայն ՀՀ քաղ. օր. 1226 հոդվածի՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:
Միևնույն ժամանակ օրենքը թույլ է տալիս ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով, պայմանով, որ լիազորագրում հատուկ նախատեսված լինի այն ընդունելու լիազորությունը:

Ու՞մ վրա է դրված ժառանգության բացման մասին ժառանգներին տեղյակ պահելու պարտականությունը:

Ելնելով այն իրողությունից, որ Ժառանգության բացման հանգամանքը պայմանավորվում է ժառանգատուի մահով, և նրա մահվան մասին առաջին հերթին տեղեկանում են նրա հարազատները և մերձավոր ազգականները, որոնք նաև այնուհետև հանդես են գալիս որպես ժառանգներ, օրենսդիրը ժառանգության բացման մասին ժառանգներին փնտրելու և տեղեկացնելու պարտավորություն նոտարի համար չի նախատեսել: Օրենքի իմաստով, ժառանգատուի մահվան մասին նոտարը տեղեկանում է ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգի դիմումի հիման վրա միայն, քաղաքացու մահը գրանցող մարմնից նոտարը նախնական տեղեկություն չի ստանում:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի  63 հոդվածի համաձայն, մինչև ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը, նոտարը պարզում է նաև ժառանգությունում պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձանց շրջանակը` նախազգուշացնելով ըստ կտակի ժառանգներին օրինական ժառանգների գոյությունը թաքցնելու պատասխանատվության մասին:

Ինչպե՞ս է կատարվում ժառանգատուին չվճարված աշխատավարձի, թոշակների, նպաստների և վնասի հատուցման վճարների ժառանգումը:

Քաղաքացու կենդանության օրոք որևէ պատճառով նրան չվճարված աշխատավարձի, թոշակի, նպաստի կամ վնասի հատուցման վճարների չմուծված գումարների ժառանգության հարցը կարգավորվում է ՀՀ Քաղ. օր. 1249 հոդվածի կանոններով: Համաձայն այդ հոդվածի՝ նշված գումարները ստանալու իրավունքը պատկանում է մահացածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձանց:
Նշված գումարները վճարելու վերաբերյալ պահանջները պետք է ներկայացվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Ինչպե՞ս է կատարվում տնտեսական ընկերակցության կամ ընկերության և կոոպերատիվի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմասի (փայի) արժեքի նկատմամբ իրավունքի ժառանգումը:

ՀՀ Քաղ. օր. 1248 հոդվածը սահմանում է, որ տնտեսական ընկերակցության կամ ընկերության մահացած մասնակցի ժառանգության զանգվածի մեջ մտնում է ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրային կապիտալում այդ մասնակցի բաժնեմասի արժեքի նկատմամբ իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կամ ընկերության կանոնադրությամբ:
Ինչ վերաբերում է կոոպերատիվի մահացած մասնակցի՝ կոոպերատիվում ունեցած նրա փայի արժեքի նկատմամբ իրավունքի ժառանգմանը, ապա եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ՝  նրա ունեցած փայը ևս մտնում է կոոպերատիվի մահացած մասնակցի ժառանգական զանգվածի մեջ:

Ինչպե՞ս է կատարվում ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի ժառանգությունը:

Գույքը սեփականության իրավունքով որպես կանոն պատկանում է միայն մեկ սուբյեկտի, ով էլ սեփական հայեցողությամբ իրականացնում է գույքի տնօրինումը: Սակայն հնարավոր են դեպքեր, երբ որպես գույքի սեփականատեր հանդես գան մեկից ավելի անձինք: Անձինք, որոնց սեփակնության իրավունքով պատկանում է միևնույն գույքը, կոչվում են համասեփականատերեր: Գույքը մեկից ավելի անձանց կարող է պատկանել կամ ընդհանուր բաժնային սեփականության, կաԲմ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում համասեփականատերերի բաժինները տվյալ գույքի նկատմամբ արդեն իսկ որոշված են:

Պետական պարգևները և շքանշանները ժառանգության զանգվածի մեջ մտնու՞մ են:

Պետական պարգևները և շքանշանները, որոնք ժառանգատուն ժառանգել է իր կենդանության օրոք, չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ (ՀՀ քաղ. օր., հոդվ. 1251): Նախկինում պետական պարգևներով պարգևատրված քաղաքացիների մահից հետ, նրանց ստացած պետական պարգևներն ու շքանշանները պետք է տնօրինվեն  «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն այդ օրենքի 17-րդ հոդվածի՝ պարգևատրված անձի մահվան դեպքում պետական պարգևներն ու դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ՝ հանձնվել թանգարաններին:

Ինչպիսի՞ն է ժառանգության վկայագիր տալու կարգը:

Որպեսզի ժառանգատուի մահից հետո նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվի այլ անձի, նախ պետք է ժառանգի կողմից կատարվի ժառանգության ընդունում: Ժառանգը ժառանգությունն ընդունելու համար դիմում է համապատասխան նոտարական գրասենյակ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: Ժառանգը ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում ներկայացնում է ժառանգության բացման պահից հաշված վեցամսյա ժամկետում (ՀՀ Քաղ. օր, 1227 հոդվ.): Ի հավաստում ժառանգության ընդունման փաստի՝ նոտարը ժառանգին է հանձնում ժառանգության վկայագիր:
Ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու դեպքում նոտարը ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը և այլն:

Ինչ է ժառանգության տրանսմիսիան:

Հաճախ կյանքում պատահում է այնպես, որ ժառանգ հանդիսացող անձը ժառանգատուի մահից հետո, չհասցնելով օրենքով նախատեսված ժամկետներում ընդունել ժառանգությունը, կամ այլ կերպ արտահայտել ժառանգության ընդունման վերաբերյալ իր կամքը, ինքը ևս մահանում է: Տվյալ դեպքում տեղի է ունենում ժառանգության տրանսմիսիա:  Ժառանգության տրանսմիսիան մահանալու պատճառով ժառանգությունը չընդունած ժառանգի՝ ժառանգելու իրավունքի փոխանցումն է ըստ օրենքի նրա ժառանգներին: Ընդ որում ժառանգության տրանսմիսիայի կանոնները կիրառվում են և ըստ օրենքի, և ըստ կտակի ժառանգման դեպքերում:

Ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ պարտապան հանդիսացող անձը մահանում է:

Իր պարտապանի մահվան մասին իմանալուն պես պարտատերն իրավունք ունի օրենքում նշված անձանց գրավոր ներկայացնելու իր պահանջները: Պարտատերերը իրենց գույքային պահանջները կարող են ներկայացնել ժառանգության բացման պահից սկսած: ՀՀ Քաղաքացիական օրենսդրությունը սահմանում է, որ ժառանգատուի պարտատերն իրավունք ունի ժառանգության բացման օրվանից հետո վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները (ՀՀ քաղ. օր. 1243 հոդվ.): Նշենք, որ այդ ժամկետի բացթողնումը հանգեցնում է պարտատերերի իրավունքների կորստի:

Հնարավո՞ր է ժառանգությունն ընդունել սահմանված ժամկետի ավարտից հետո:

Օրենքը, ժառանգության ընդունման համար սահմանել է վեցամսյա ժամկետ, ինչը բաց թողնելու դեպքում ժառանգը համարվում է ժառանգությունը չընդունած: Սակայն «Նոտարիատի մասին» օրենքի 62-րդ հոդվածը  հնարավոր է համարում ժառանգության ընդունումը սահմանված ժամկետը բաց թողնելու պարագայում, եթե առկա է ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների գրավոր համաձայնությունը: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի՝ նախկինում տված ժառանգության վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:

Ինչպե՞ս է կատարվում ժառանգության ընդունումը անչափահասների կողմից:

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդված 24-ի առաջին կետի՝ իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու՝ քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն՝ տանութ տարեկան դառնալու պահից: Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի առաջին մասի՝ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն գործարքները նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:

Արդյո՞ք ժառանգը կարող է հրաժարվել ժառանգությունից:

Ժառանգության բացման պահից սկսած վեցամսյա ժամկետում ժառանգը ոչ միայն կարող է ընդունել ժառանգությունն ու ի հավաստում դրա ստանալ ժառանգության վկայագիր, այլև հրաժարվել ժառանգությունից: Ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ իր կամքն արտահայտելիս ժառանգը պետք է նոտարական գրասենյակ ներկայացնի գրավոր դիմում: Դիմումը պետք է ներկայացվի անձամբ, իսկ այդ հնարավոր չլինելու դեպքում նրա ստորագրությունը պետք է հաստատված լինի նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից : Ժառանգությունից հրաժարվել կարող են ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգները:

Ե՞րբ է ժառանգությունը կատարվում ըստ օրենքի:

Ըստ օրենքի ժառանգում տեղի է ունենում, երբ՝
•    ժառանգատուն կտակ չի թողել,
•    ըստ կտակի բոլոր ժառանգները հրաժարվել են ժառանգությունից,
•    ըստ կտակի ժառանգը մահացել է ժառանգատուից առաջ և չկան ենթանշանակված ժառանգներ,
•    կտակը կազմվել է գույքի մի մասի նկատմամբ, իսկ մնացած մասի ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի ժառանգման կանոններով,
•    կտակն ամբողջությամբ կամ դրա մի մասով ճանաչվել է անվավեր:
•    կտակում նշված է՝ ժառագման իրավունքից զրկել որոշ ժառանգների, առանց հիշատակելու մյուս ժառանգներին, որոնք դրանով իսկ կարող են ժառանգել ըստ օրենքի:
Այն դեպքում, երբ առկա է նշված պայմաններից որևէ մեկը, ինչպես նաև առկա է օրենքով նախատեսված ըստ օրենքի ժառանգների չորս հերթերից որևէ մեկում նշված անձանցից մեկը, գույքի ժառանգումը կատարվում է ըստ օրենքի ժառանգման կանոններով:

Արդյո՞ք ժառանգելու իրավունք ունեն մահացածի խորթ զավակները:

Խորթ զավակ է համարվում այն անձը, որ ծնվել է քաղաքացու ամուսնու (կնոջ) նախորդ ամուսնությունից, որն ապրել է իր հետ համատեղ, նույն հարկի տակ, և ում դաստիարակությամբ զբաղվել է ինքը: Խորթ զավակները խորթ հոր և խորթ մոր մահից հետո չեն ժառանգում: Խորթ հայրն ու մայրն էլ իրենց հերթին ըստ օրենքի ժառանգ չեն համարվում իրենց խորթ զավակների մահից հետո:

Արդյո՞ք ժառանգելու իրավունք ունեն որդեգրողներն ու որդեգրվածները:

Համաձայն ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 126 հոդվածի առաջին մասի՝ որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների և նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային ու գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին: Այսինքն, որդեգրողի մահից հետո որդեգրվածները ժառանգատուի հարազատ զավակների հետ հավասար պայմաններով հրավիրվում են որպես ժառանգներ:

Ինչպե՞ս է որոշվում ժառանգների բաժնեչափը ժառանգական գույքի նկատմամբ:

Ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգության կանչված ժառանգները ժառանգական գույքի նկատմամբ ունեն հավասար բաժիններ: Սակայն հնարավոր է, որ ժառանգները փոխադարձ համաձայնությամբ, ժառանգական գույքը բաժանեն ոչ համաչափ բաժիններով: Այսպես, համաձայն ՀՀ քաղ. օր. 1236 հոդվածի՝ ժառանգական զանգվածի մեջ մտնող և երկու կամ մի քանի ժառանգների ընդհանուր բաժնային սեփականությունը համարվող գույքը կարող է ժառանգների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:

Ի՞նչ է կտակը:

Կտակը անձի գրավոր կարգադրությունն է իր կենդանության օրոք իրեն պատկանած գույքային իրավունքներն ու պարտականությունները և անձնական ոչ գույքային իրավունքներն իր մահվանից հետո օրենքով թույլատրվող սահմաններում այլ անձանց փոխանցելու վերաբերյալ, որն արվել է օրենքով սահմանված ձևի պահպանումով:

Որո՞նք են կտակի տեսակները:

ՀՀ Քաղաքացիական օրենսդրությունը նախատեսում կտակի հետևյալ տեսակները՝
1. Սովորական կտակ,
2. Պայմանով կտակ,
3. Փակ կտակ,

Ո՞րն է Սովորական կտակը:

Սովորական կտակ, երբ կտակարարը դիմում է նոտարական գրասենյակ և արտահայտում կտակ կազմելու վերաբերյալ իր ցանկությունը: Կտակը կազմվում է հենց նոտարի ներկայությամբ, ով էլ պարզաբանում է կտակարարին կտակ կազմելու հետևանքները, տեղեկացնում պարտադիր բաժնի և այլ իրավունքների մասին: Սովորական կտակի ժամանակ կտակարարը կտակում նշված անձի կողմից իր գույքը ժառանգելու իրավունքը չի պայմանավորում որոշակի գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ:

Ո՞րն է Պայմանով կտակը:

Պայմանով կտակ, երբ կտակարարը կոնկրետ անձի կողմից ժառանգություն ստանալը պայմանավորում է նրա կողմից որոշակի վարքագծի դրսևորմամբ: Ընդ որում, կտակարարի կողմից կարող են սահմանվել միայն օրինական պահանջներ: Այսինքն՝ նման կտակներում ժառանգ նշանակելու, կամ ժառանգման իրավունքից զրկելու վերաբերյալ ներառված ապօրինի պայմանները պետք է անվավեր համարվեն: Իսկ եթե կտակում ներառվել է այնպիսի պայման, որը թեև օրինական է, սակայն ժառանգը չի կարող կատարել իր առողջական վիճակի կամ օբյեկտիվ այլ հանգամանքների պատճառով, ապա նման պայմանը ժառանգի հայցով անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Ո՞րն է Փակ կտակը:

Փակ կտակ, երբ կտակարարն այն կազմում է միայնակ, իսկ նոտարն էլ վավերացնում է այն՝ առանց ծանոթանալու դրա բովանդակությանը: Փակ կտակը կազմվում է հետևյալ կերպ.

Ո՞րն է կտակի և նվիրատվության տարբերությունը:

Կտակի և նվիրատվության էական տարբերությունն այն է, որ կտակի միջոցով գույքի սեփականության իրավունքը սեփականատիրոջ մահից հետո փոխանցվում է այլ անձի:  Կտակարարն իր կենդանության օրոք ցանկացած պահի կարող է փոփոխել, լրացնել կամ վերացնել կտակը` առանց այդ մասին որևէ անձի բացատրություններ տալու, մինչդեռ նվիրատվության դեպքում  սեփականության իրավունքը նվիրառուին /գույքը ստացողին/ փոխանցվում է պայմանագրի կնքման պահից: Սա նշանակում է, որ գույքի սեփականատերը նվիրատվության պայմանագրի կնքման պահից կորցնում է դրա նկատմամբ սեփականության իրավունքը: Ավելին, նվիրատվության պայմանագիրը միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում կարող է վերացվել:

Ո՞վ է կտակարարը:

Կտակարարն այն անձն է, ով իր կենդանության օրոք գրավոր կարգադրություն (կտակ) է կազմել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը իր մահից հետո այս կամ այն անձին փոխանցելու վերաբերյալ:

Ինչպե՞ս է կազմվում կտակը:

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսդրության կտակը կազմվում է գրավոր, երկու օրինակից: Կտակի մեջ նշվում է այն կազմելու վայրը և ժամանակը, այնուհետև ստորագրվում է կտակարարի  (այն կազմող անձի կողմից): Կտակը պետք է կազմվի այնպես, որպեսզի տարամեկնաբանությունների առիթ չտա և լինի ընթեռնելի: Կտակը գրելիս կամ այն գրի առնելիս  /այլ անձի կողմից/  օրենքը թույլատրում է կիրառել տեխնիկական միջոցներ` համակարգիչ, գրամեքենա և այլն:

Ի՞նչ է կտակի գաղտնիությունը:

Կտակարարի, ինչպես նաև կտակում նշված անձի (անձանց) անվտանգությունից ելնելով՝ կտակի բովանդակությունը ենթակա չէ հրապարակման:
Փակ կտակի դեպքում կտակի բովանդակությանը չեն ծանոթանում նույնիսկ այն վավերացնող նոտարը և վկաները: Ինչ վերաբերում է բաց կտակին, ապա վկաները, ինչպես նաև կտակարարի ֆիզիկական թերությունների կամ անգրագիտության հետևանքով կտակարարի փոխարեն կտակը ստորագորղ անձը նոտարի կողմից նախազգուշացվում են կտակի բովանդակությունը գաղտնի պահելու, ինչպես նաև այդ պահանջը խախտելու համար նախատեսվող իրավական հետևանքների մասին:

Ի՞նչպես է կատարվում ենթաժառանգներ նշանակելը:

Գործնականում երբեմն լինում են դեպքեր, երբ այն անձը, որը կտակում նշված է որպես ժառանգ նախքան ժառանգության բացումը մահանում է: Նման դեպքերում, եթե կտակում կտակարարը նշած չի լինում որևէ այլ անձի, որը կժառանգի գույքը հիմնական ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու անհնարինության դեպքում, ապա գույքի ժառանգումը իրականացվում է ընդհանուր կանոնի համաձայն, և ժառանգության են հրավիրվում ըստ օրենքի ժառանգները: Նման դեպքերի համար օրենքը նախատեսել է ժառանգատուի կողմից այսպես կոչված պահուստային ժառանգ նշանակելու հնարավորությունը, ով էլ գույքը ժառանգելու հնարավորություն կստանա հիմնական ժառանգի կողմից այն ժառանգելու անհնարինության դեպքում: Հենց այդ «պահուստային ժառանգը» օրենքում անվանվում է «ենթաժառանգ», ինչի վերաբերյալ նորմերը ամրագրված են ՀՀ քաղ. օր.-ի 1198 հոդվածում: Այսպես, համաձայն այդ հոդվածի՝ կտակարարը կարող է կտակում նշել այլ ժառանգի (ենթաժառանգի), այն դեպքի համար, եթե նրա նշանակած ժառանգը մահանա մինչև ժառանգության բացվելը, հրաժարվի ժառանգությունից, որպես անարժան ժառանգ մեկուսացվի ժառանգությունից կամ չկատարի կտակարարի օրինական պահանջները:

Ի՞նչ է կտակային հանձնարարությունը:

Կտակային հանձնարարությունը կտակում նշված ժառանգների կամ դրանց մի մասի համար որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու վերաբերյալ կտակարարի կողմից արված կարգադրությունն է: Որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու վերաբերյալ կտակարարի կողմից արվող կարգադրությունը ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն անվանել է կտակային հանձնարարություն:
Այսպես, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1213 հոդվածի՝ կտակարարն իրավունք ունի ըստ կտակի մեկ կամ մի քանի ժառանգների հանձնարարել ժառանգության հաշվին կատարել որևէ պարտավորություն (կտակային հանձնարարությանու) հօգուտ մեկ կամ մի քանի անձանց (շահառուների), որոնք իրավունք ունեն պահանջել կատարելու պարտականությունները:

Ի՞նչ կարգով է կատարվում կտակային հանձնարարությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ժառանգը, ում վրա դրվել է կտակային հանձնարարության կատարումը, պետք է այն կատարի իրեն անցած ժառանգական գույքի արժեքի սահմաններում: Եթե կտակային հանձնարարություն է դրված այն անձի վրա, ով պարտադիր բաժնի իրավունք ունի, ապա կտակային հանձնարարություն կատարելու նրա պարտականությունը սահմանափակվում է նրա պարտադիր բաժնի չափը գերազանցող նրան անցած ժառանգության արժեքով:

Նոտարի կողմից ժառանգական գույքի պահպանման համար ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն:

օրենքը իրավունք է վերապահել (պարտավորեցրել է) նոտարին դրանց պահպանման և կառավարման նպատակով կնքել գույքի հավատարմագրային կառվարման, պահատվության և այլ պայմանագրեր:

Ի՞նչպես է իրականացվում նոտարի կողմից ժառանգությամբ հասած գույքի պահպանմանումը:

Համաձայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 58 հոդվածի՝ ժառանգներ, շահառուների և այլ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համար ժառանգության բացման վայրն սպասարկող նոտարը ձեռնարկում է օրենքով սահմանված և ժառանգությունը պահպանելու ու կառավարելու համար անհրաժեշտ միջոցներ:

Call Now