Ընտանեկան

Ջ.-ն և Վ.-ն արդեն 5 տարի է ամուսնալուծված են, ունեն մեկ ընդհանուր երեխա, ում խնամքի համար Վ.-ն երբևէ ալիմենտ չի վճարել: Կարո՞ղ է, արդյոք, 5 տարի անց Ջ.-ն դատական կարգով պահանջել ալիեմենտի վճարում:

Այո: Ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում Ջ.-ն կարող է ալիմենտի վճարման պարտականություն սահմանելու հայցով դիմել դատարան: Նշված իրավունքը ժամանակի մեջ սահմանափակված չէ և Ջ.-ն մինչև երեխայի չափահաս դառնալը, իսկ երեխայի անաշխատունակության դեպքում՝ նաև նրա չափահաս դառնալուց հետո, կարող է դատարան հայց ներկայացնել՝ ալիմենտ վճարելու պարտականություն սահմանելու պահանջով:

Հ.-ի կինը դատական կարգով պահանջում է, որ Հ.-ն ապրուստի ապահովման համար ալիմենտ վճարի՝ պատճառաբանելով, որ ինքն անաշխատունակ և անապահով է: Կարո՞ղ է Հ.-ն խուսափել նման ալիմենտ վճարելու պարտականությունից:

Դատարանը կարող է ամուսնուն ազատել մյուս անաշխատունակ անապահով ամուսնուն օգնություն ցույց տալու պարտականությունից կամ սահմանափակել այդ պարտականությունը որոշակի ժամանակով ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծությունից հետո, եթե օգնության կարիք ունեցող ամուսնու անաշխատունակությունը վրա է հասել՝
1.ոգելից խմիչքի և/կամ թունամիջոցի չարաշահման կամ նրա կողմից դիտավորյալ հանցագործություն կատարելու հետևանքով,
2.ամուսնինների՝ միմյանց հետ ամուսնության մեջ գտնվելու՝ մեկ տարուց ոչ ավելի ժամանակահատվածում,
3.ալիմենտի վճարում պահանջող ամուսնու՝ ընտանիքում հակաբարոյական վարքագիծ (ամուսնական դավաճանություն, մոլախաղերով զբաղվել և այլն) ցուցաբերելու հետևանքով:

Կ.-ն և Յ.-ն ամուսնալուծված են, համատեղ երեխա չունեն:Կարո՞ղ է Կ.-ն իր նախկին ամուսնաուց ալիմենտ պահանջել՝ իր ապրուստը ապահովելու համար:

Կ.-ն Յ.-ից դատական կարգով ալիմենտի պահանջի իրավունք ունի, եթե՝
1.նախկին կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամող ամուսինը մինչև երեխայի 3 տարին լրանալը,
2.անապահով նախկին ամուսինը, որը խնամում է մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանվդամ զավակին,
3.անաշխատունակ անապահով նախկին ամուսինը, որը հաշմանդամ է դարձել մինչև ամուսնալուծվելը կամ ամուսնալուծվելուց հետո՝ 1 տարվա ընթացքում,
4.ամապահով ամուսինը, որը կենսաթոշակային տարիքի է հասել ամուսնալուծության պահից սկսած 5 տարում, եթե ամուսինները 15 և ավելի տարի գտնվել են ամուսնության մեջ:

Ինչպե՞ս է դատարանը որոշում ալիմենտի չափը:

Ալիմենտի չափը սահմանվում է ամենամսյա վճարումների կարգով հետևյալ չափերով.
1.մեկ երեխայի համար ծնողի վաստակի և/կամ այլ եկամտի մեկ քառորդը,
2.երկու երեխաների համար ՝ մեր երրորդը,
3.երեք և ավելի երեխաների համար՝ կեսը:
Ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի 10.000 դրամից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիեմենտ բռանագանձելիս՝ նպաստի 20 տոկոսից:

Օ.-ի կինը ցանկանում է իրենց համատեղ երեխային տանել արտերկիր՝ ուսման նպատակով, սակայն Օ.-ն դեմ է: Կարո՞ղ է, արդյոք, Օ.-ն խոչընդոտել դրան:

Ոչ: Ծնողներից մեկը կարող է առանց մյուսի թույլտվության երեխային հանրապետությունից դուրս հանել: Միակ նախապայմանը երեխայի անձնագիր ունենալն է, իսկ ՀՀ-ում մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է ծնողներից մեկի դիմումով: Օ.-ն կարող է հայտարարություն ներկայացնել ոստիկանություն՝ հայտնելով երեխայի կողմից անձնագիր ստանալուն իր անհամաձայանության մասին, որի դեպքում երեխայի անձնագրի տրամադրումը մերժվում է:

Ֆ.-ն և Ա.-ն գտնվում են ամուսնալուծության գործընթացում, որը կատարվում է դատական կարգով և Ֆ.-ն միաժամանակ դիմել է, որ երեխայի խնամակալությունը հանձնվի իրեն: Ա.-ն դեմ է և ցանկանում է երեխային երկրից դուրս հանել: Կարո՞ղ է, արդյոք, Ֆ.-ն խոչընդոտել դրան:

Եթե երեխայի բնակության վայրի որոշման հետ կապված գոյություն ունի վեճ և այն հանձնված է դատարանի քննությանը, ապա Ֆ.-ն կարող է դատարանից պահանջել որպեսզի հայցի ապահովման կարգով մյուս ծնողին արգելվի երեխային հանրապետության տարածքից դուրս հանել:

Զ.-ն և Ֆ.-ն ամուսնության գրանցման ժամանակ կնքել են ամուսնական պայմանագիր: Արդյո՞ք Զ.-ն և Ֆ.-ն կարող են լուծել ամուսնական պայմանագիրը:

Այո: Ամուսնական պայմանագիրն ամուսինների համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լուծվել ցանկացած ժամանակ, որը կատարվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման: Ամուսնական պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարում չի թույլատրվում:

Ա.-ն ցանկանում է ընդհատել հղիությունը: Ու՞նի, արդյոք, Ա.-ն նման իրավունք:

Ա.-ն իրավունք ունի ընդհատել հղիությունը՝
1. մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը հղիության արհեստական ընդհատումը կատարվում է միայն կնոջ դիմումի համաձայն,
2. 12-ից մինչև 22 շաբաթական հղիության դեպքում հղիության արհեստական ընդհատումը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:

Ի՞նչ ժամկետ է սահմանված երեխայի ծննդյան փաստի պետական գրանցման համար:

Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Մեկ տարեկան և ավել դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձևի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների կամ նրանցից մեկի կամ երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի կամ լիազորած անձի կամ շահագրգի այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա:

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՔԿԱԳ մարմին ամուսնությունը գրանցելու համար:

Ամուսնությունը գրանցելու համար հարկավոր է ներկայացնել ամուսնության համատեղ գրավոր դիմում, որի մեջ պետք է նշվեն.
1. ամուսնացող անձանց յուրաքանչյուրի անունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը.
2. ամուսնցող անձանց կողմից ընտրվող ազգանունը՝ ամուսնության պետական գրանցումից հետո.
3. ընտանեկան դրությունը.
4. ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.
5. անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Ամուսնության համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել՝
1. ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը.
2.  եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը.
3. եթե ամուսնացող անձը 16 կամ 17 տարեկան է, ապա ամուսնացող անձի ծնողների, որդեգրողներ կամ հոգաբարձուի՝ նոտարական կարգով հաստատված կամ ՔԿԱԳ մարմնում տրված գրավոր համաձայնությունը:

Հնարավո՞ր է արդյոք գրանցել ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում լիազորագրի միջոցով:

Ոչ: Լիազորագրով ամուսնության գրանցում հնարավոր չէ: Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:

Ո՞րն է ամուսնության տարիքը ՀՀ-ում:

Հայաստանի Հանրապետությունում ամուսնությունը թույլատրվում է 18 տարին լրացած անձանց միջև: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

Ինչպե՞ս են իրականացվում և կատարվում ընտանեկան իրավունքներն ու պարտականությունները:

1.Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ իրականացնում են ընտանեկան հարաբերություններից բխող և օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներ (ընտանեկան իրավունքներ, ընդ որում` այդ իրավունքների պաշտպանությունը), եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
2. Ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների իրականացումը և իրենց պարտականությունների կատարումը չպետք է խախտեն ընտանիքի այլ անդամների և այլոց իրավունքները, ազատությունները և օրինական շահերը։
3. Ընտանեկան իրավունքները պահպանվում են օրենքով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրականացվում են այդ իրավունքների նշանակությանը հակառակ:

Ինչպե՞ս է իրականացվում ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը:

Ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ համապատասխան պետական մարմինների կամ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից:

Ինչպե՞ս է կնքվում ամուսնությունը:

1.Ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:
2. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից։

Ի՞նչ է նշանակում` ամուսինների իրավահավասարությունն ընտանիքում:

1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում։
2. Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են՝ ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից։
3. Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար։

Ինչպե՞ս է իրականացվում ամուսնական պայմանագրի փոփոխումը և լուծումը:

1.Ամուսնական պայմանագիրն ամուսինների համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լուծվել ցանկացած ժամանակ: Ամուսնական պայմանագիրը փոփոխվում և լուծվում է ամուսնական պայմանագիր կնքելու համար սահմանված կարգով: Ամուսնական պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարում չի թույլատրվում։
2. Ամուսիններից մեկի պահանջով ամուսնական պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել դատական կարգով՝ պայմանագրերի փոփոխման և լուծման համար քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով։
3. Ամուսնական պայմանագրի գործողությունը դադարում է ամուսնության դադարման պահից, բացառությամբ այն պարտավորությունների, որոնք ամուսնական պայմանագրով նախատեսված են ամուսնությունը դադարելուց հետո ընկած ժամանակաշրջանի համար։

Ինչպե՞ս է իրականացվում երեխայի անունը և ազգանունը փոխելը:

1.Մինչև երեխայի տասը տարին լրանալը նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը՝ մյուս ծնողի ազգանունով։
2. Եթե ծնողները ապրում են առանձին, և ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, այդ հարցը լուծվում է` հաշվի առնելով մյուս ծնողի կարծիքը:
Մյուս ծնողի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե`
1) հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը.
2) նա զրկված է ծնողական իրավունքներից.
3) նա դատարանի կողմից ճանաչված է անգործունակ.
4) նա, առանց հարգելի պատճառների, խուսափում է երեխային դաստիարակելուց ու պահելուց:
3) Տասը տարին լրացած երեխայի անվան և (կամ) ազգանվան փոխումը կարող է կատարվել` հաշվի առնելով նրա կարծիքը:

Ինչպե՞ս է իրականացվում ծնողական իրավունքների վերականգնումը:

1. Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձևը և (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը։
2. Ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով՝ ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա։ Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
3. Ծնողական իրավունքների վերականգնման մասին դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաև երեխային ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու մասին պահանջը։
4. Տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է` հաշվի առնելով նրա կարծիքը։
Դատարանը, հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժելու ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:
Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, և որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:

Ինչպիսի՞ պատասխանատվություն է սահմանվում ալիմենտը ժամանակին չվճարելու համար:

1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը պատասխանատվություն է կրում այդ համաձայնությամբ նախատեսված կարգով։
2. Դատարանի վճռով ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը ալիմենտ ստացողին ուշացրած յուրաքանչյուր օրվա համար տուգանք է վճարում չվճարված ալիմենտի գումարի 0,05 տոկոսի չափով։ Ալիմենտ ստացողը կարող է ալիմենտ վճարելու պարտավոր և ալիմենտը ժամանակին չվճարելու համար մեղավոր անձից բռնագանձելու պահանջ ներկայացնել նաև ալիմենտային պարտավորությունների կատարման ուշացմամբ պատճառված վնասների այն մասով, որ չեն ծածկվում տուգանքով։

Call Now