Հարկային

Հարկային մարմնի աշխատակիցները եկել են Պ.-ի խանութ ստուգում անցկացնելու համար: Քանի՞ օրից ավել չի կարող տևել ստուգումը:

Ընդհանուր առմամբ Պ.-ի մոտ մեկ ստուգման ժամկետը չի կարող ավել լինել 15 անընդմեջ աշխատանքային օրից` յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը:
Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսվարող սուբյեկտում ստուգումները, կախված տնտեսվարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից իրականցվում են հետևյալ հաճախականությամբ`
1. բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ,
2. միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ,
3. ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:

Որն է համարվում ընտանեկան ձեռնարկատիրություն:

«Հարկերի մասին» ՀՀ օրենք Հոդված 13.7-ի 1-ին կետի համաձայն՝ ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը(ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, ամուսինը, զավակը, եղբայրը, քույրը):

Կարող է արդյոք առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել:

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենք 13.7 հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Նշված հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք:

Գարեջրի ներմուծմամբ զբաղվող անհատ ձեռնարկատերը կարող է արդյոք ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար հայտարարություն ներկայացնել:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13.7 հոդվածի համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել:

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից անփաստաթուղթ արտադրանքի և (կամ) ապրանքի տեղափոխման կամ առաքման առաջին դեպքը արձանագրելիս ինչ պատասխանատվություն է կիրառվում:

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից անփաստաթուղթ արտադրանքի և (կամ) ապրանքի տեղափոխման կամ առաքման առաջին դեպքում կիրառվում է նախազգուշացում:

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանը բավարարող նոր հաշվառված անհատ ձեռնարկատերը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ինչ ժամկետում կարող է ներկայացնել հարկային մարմին:

Հարկերի մասին» ՀՀ օրենք Հոդված 13.8-ի համաձայն՝ օրենքի 13.7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանը բավարարող անձն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում շրջանառության հարկ կամ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե նոր  որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը հաշվառման օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձման ենթակա գումարները ինչ ժամկետում են վերադարձվում հարկ վճարողին:

Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում:

Հաշվետվությունները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու հետ կապված ծախսերը ով է կատարում:

Հաշվետվությունները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու հետ կապված բոլոր ծախսերը կատարում է հարկ վճարողը:

Կարող է արդյոք հարկ վճարողը մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը հարկային հաշվարկները ներկայացնել:

Հարկային մարմին հաշվարկները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ հարկ վճարողի լուծարման, ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացվող գույքահարկի հաշվարկների):

Կազմակերպության լուծարման դեպքում ինչ ժամկետում պետք է ներկայացնել հաշվետվությունները

“Հարկերի մասին” ՀՀ օրենքի 16.1 հոդվածի համաձայն հարկ վճարողի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ և (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), եթե այդ հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկ վճարողը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել, որոնց հիման վրա առաջացած պարտավորությունների վճարման օր է համարվում դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:

Ապառքի մարման նպատակով կատարված վճարումից որ պարտավորություններն են առաջնահերթ մարվում:

Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի, Հավելված 1-ի 3.3 կետի դրույթներով, համաձայն որի`  հարկ վճարողի կողմից պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե հարկ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ) կամ հաշվանցումը կատարվում է առանց հարկ վճարողի դիմումի, առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) գծով առկա հարկային պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` հարկի (հաստատագրված վճարի) գումարները, տույժերը, տուգանքները, իսկ հարկային այլ տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները:

Որ դեպքում է ներկայացվող հաշվարկի մեջ պարտադիր լրացվում իրավանախորդ իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն:

Համաձայն  «Հարկերի մասին» ՀՀ օրենքի Հոդված 16.2-ի 4-րդ պարբերության` իրավահաջորդ իրավաբանական անձի կողմից իրավանախորդ իրավաբանական անձին վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար ներկայացվող հաշվարկներում (այդ թվում` ճշտված) պարտադիր նշվում է իրավանախորդ իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը:

Երբ է հաշվետու ժամանակաշրջանը վերաբերում իրավանախորդ իրավաբանական անձին:

Համաձայն  «Հարկերի մասին» ՀՀ օրենքի Հոդված 16.2-ի 2-րդ պարբերության` հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) վերաբերում է իրավանախորդ իրավաբանական անձին, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակահատվածի) համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման պահին այդ ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) ավարտվել է` անկախ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակահատվածի) համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետներից:

Ստուգման կասեցման ժամանակահատվածի ընթացքում հնարավոր է ներկայացնել հաշվարկ:

Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի  հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների կամ դրանց կասեցման ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո ստուգվող (ստուգված) ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել: Առանձին հարկատեսակների կամ դրանց փոխարինող վճարների մասին օրենքներում (բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) հարկային հաշվարկների ճշտման մասին ուղղակի նշում կատարված չլինելու դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել ճշտված (ճշգրտված) հարկային հաշվարկներ (հայտարարագրեր)` հաշվի առնելով հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման համար սույն հոդվածի և սույն օրենքի 30.1-րդ հոդվածի սահմանափակումները:

Փոստով հաշվետվությունները ուղարկելու դեպքում որ օրն է համարվում հաշվետվության ներկայացման օր:

Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հավելվածի 4-րդ կետի դրույթներով, համաձայն որի` հաշվետվությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Ընդ որում, ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից նամակի ընդունման օրը հավաստող օրացուցային կնիքի արտատիպի բացակայության կամ վնասվածության կամ դրա բացահայտ անընթեռնելիության դեպքում այդ նամակները չեն ընդունվում հարկային մարմնի կողմից:

Սահմանված ժամկետում հարկային պարտավորությունը չվճարելու դեպքում հաշվարկված տույժերը ինչ ժամկետում պետք է վճարել:

Անհրաժեշտ  է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, ըստ որի հաշվարկված հարկային պարտավորությունները (որը ներառում է նաև տույժերի գումարները) բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց    հետո`   10-օրյա ժամկետում: Հարկ վճարողը հնարավորություն ունի ցանկացած ժամանակ (բացառությամբ ակտ ներկայացնելու դեպքի) վճարելու իր հարկային պարտավորությունները, ներառյալ նաև տույժերը:

Կարելի է արդյոք հասույթի գիրքը այլևս չպահել:

ՀՀ կառավարության 23.02.2012 թվականի N 191-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 31.07.1997թ. «Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» N 315 որոշումը:

Կազմակերպությունը ապրանք է տեղափոխում: Առաքման գրքում ի՞նչ գումար պետք է նշվի:

«Հարկերի մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն նույն կարգի իմաստով տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթղթին ներկայացվող վավերապայման չէ տեղափոխվող ապրանքների գինը (արժեքը) հանրագումարով: Միաժամանակ, նույն կարգի 11-րդ կետի համաձայն հարկ վճարողի (պատասխանատու անձի) կողմից ապրանքներ տեղափոխելիս գրքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր գումարի վերաբերյալ գրանցում չի կատարվում (գրքի 4-րդ սյունակը չի լրացվում):

Արդյոք հիմնական միջոցի տեղափոխումը գրանցվում է առաքման գրքում:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 13-րդ կետին համապատասխան, գրքում գրանցման ենթակա չէ հարկ վճարողի հիմնական միջոցների և արագամաշ առարկաների տեղափոխումը:

Սահմանային չափերի վերաբերյալ կարող է արդյոք ճշտված տեղեկություններ ներկայացնել:

Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին»  ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով, ըստ որի  Առանձին հարկատեսակների կամ դրանց փոխարինող վճարների մասին օրենքներում (բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) հարկային հաշվարկների ճշտման մասին ուղղակի նշում կատարված չլինելու դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել ճշտված (ճշգրտված) հարկային հաշվարկներ (հայտարարագրեր)` հաշվի առնելով հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման համար սույն հոդվածի և սույն օրենքի 30.1-րդ հոդվածի սահմանափակումները:

Որն է հանդիսանում առաքման վայր

Անհրաժեշտ  է ղեկավարվել «Հարկերի մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով, ըստ որի առաքման վայր` հարկ վճարողին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող` հասցե ունեցող կամ չհասցեավորված անշարժ գույքի միավոր, առևտրի օբյեկտ, առևտրի իրականացման վայրի վաճառատեղ, անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբյեկտ, ընդերքի տեղամաս, ներբնակավայրային և բնակավայրերի սահմանագծերից դուրս աշխարհագրական օբյեկտ կամ ընդհանրական տարածք (նույն հասցեում չգտնվող, սակայն հարկ վճարողին տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող մեկ ընդհանրական` այլ անձանց տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող տարածքներով չսահմանազատված տարածք), որտեղից առաքվում, տեղափոխվում կամ որտեղ վաճառվում է ապրանքը

Call Now