Աշխատանքային

Զ.-ն պատրաստվում է աշխատանքի մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Հարկավո՞ր է, արդյոք, հաշվառման կանգնել Ռուսաստանի Դաշնությունում:

Այո, աշխատանքային պայմանագրի հիման վրա ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելու պահից 30-օրյա ժամկետում պարտավոր են հաշվառման կանգնել իրենց բնակության վայրի Դաշնային միգրացիոն ծառայությունում:

Հ.-ն աշխատում է միջազգային կազմակերպությունում: Կարո՞ղ է արդյոք Հ.-ն աշխատավարձը ստանալ կանխիկ:

Այո, Հ.-ի և Գործատուի միջև ձեռք բերված համաձայնության առկայության պարագայում, աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ, ինչի մասին Հ.-ն յուրաքանչյուր ամիս հավաստում է իր ստորագրությամբ:

Ս.-ն աշխատում է գործարանում և ընդամենը մեկ օր չի գնացել աշխատանքի: Ս.-ի տնօրենը նրան ազատել է աշխատանքից: Արդյո՞ք Ս.-ի տնօրենի գործողությունները իրավաչափ են:

Եթե Ս.-ն մեկ ամբողջ աշխատանքային օր առանց հարգելի պատճառի չի ներկայացել աշխատանքի, ապա գործատուն իրավունք ունի ազատել նրան աշխատանքից:

Գ.-ն աշխատում է որպես տնտեսագետ կազմակերպությունում: Հանգստյան օրերին Գ.-ին հրավիրում են աշխատանքի: Արդյո՞ք հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվելու դիմաց Գ.-ն կարող է հավակնել հավելյալ վարձատրվելու:

Այո, հանգստյան օրերի և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի համար վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:

Դ.-ն աշխատում է գործարանում: Գործատուն պատրաստվում է փոփոխել Դ.-ին վճարվող աշխատավարձի չափը: Կարո՞ղ է, արդյոք, գործատուն նման բան անել առանց Դ.-ի գրավոր համաձայնության: 

Ընդհանուր կանոնի համաձայն` Դ.-ի համաձայնությունը աշխատավարձի չափի և (կամ) դրա որոշման ձևի փոփոխության համար պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ հիշյալ պայմանները փոփոխվում են օրենքի հիման վրա:

Ֆ.-ն 16 տարեկան է և աշխատանքի է ընդունվել խոշոր ապահովագրական ընկերությունում: Պատրաստվում է կնքել ժամանակավոր աշխատանքային պայմանագիր, որով սահմանված է փորձաշրջան: Արդյո՞ք դա իրավաչափ է:

Ոչ: Մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի ընդունելու դեպքում փորձաշրջան սահմանվել չի կարող:

Վ.-ն 15 տարեկան է, հետաքրքրվում է համակարգչային խաղերով և առաջարկ է ստացել աշխատել համակարգչային խաղերի մշակմամբ զբաղվով ընկերությունում: Կարո՞ղ է նա արդյոք անցնել աշխատանքի:

ՀՀ օրենսդրության համաձայն` 14-16 տարեկան անձինք նույնպես կարող են աշխատել, սակայն որոշակի պայմանների առկայությամբ` աշխատանքի անցնելու համար հարկավոր է երեխայի ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը:
14-16 տարեկան անձինք կարող են կատարել բացառապես այնպիսի ժամանակավոր աշխատանք, որը չի վնասում նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը:

Ինչ հիմքով է ծագում աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

Ո՞րն է աշխատանքային պայմանագրի կնքման կարգը:

Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Սովորաբար առավելագույնը ի՞նչ ժամկետ է նախատեսված փորձաշրջանի համար:

Փորձաշրջանի ժամկետը աշխատանքային պայմանագրում հիմնականում սահմանվում է մինչև երեք ամիս: Նախքան փորձաշրջանի ժամկետի լրանալը աշխատանքային պայմանագիրը հնարավոր է լուծել՝ առնվազն 3 օր առաջ ծանուցելով:

Ե՞րբ է թույլատրվում փոփոխել աշխատանքի էական պայմանները:

Աշխատանքի վայրի, աշխատանքի վարձատրության չափի և (կամ) այն որոշելու ձևի, արտոնությունների, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի, տարակարգերի և պաշտոնների անվանումների, աշխատանքային պայմանագրի տեսակի և (կամ) գործատուի փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները: Փոփոխելու դեպքում գործատուն պետք է գրավոր ծանուցի մինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, 1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ, 5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ, 10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ:

Ինչպե՞ս է լուծվում աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ:

Աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելիս, մի կողմը գրավոր առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Համաձայնության դեպքում մյուս կողմը 7 օրվա ընթացքում պետք է ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին, որից հետո կնքվում է գրավոր համաձայնագիր:

Ինչպիսի՞ սահմանափակումներ են նախատեսված արտաժամյա աշխատանքի հետ կապված:

Գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքն իրար հաջորդող երկու oրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իuկ տարվա ընթացքում` 180 ժամը:

Ե՞րբ է տրամադրվում աշխատողին ընդմիջում:

Աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում:

Գիշերային աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:

Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

Արտաժամյա աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:

Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով:

Աշխատանքի ժամանակացույցով նախատեսված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:

Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:

Որքա՞ն տուժանք է վճարում գործատուն աշխատավարձի ժամկետանց վճարման դեպքում:

Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

Զբաղվածության ոլորտում իրականացվող պետական ո՞ր ծրագրերի շրջանակներում է գործատուին տրվում միանվագ փոխհատուցում:

Միանվագ փոխհատուցում տրվում է գործատուին հետևյալ ծրագրերի շրջանակներում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար,հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց աշխատատեղի հարմարեցման համար:

Ովքե՞ր են աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձինք:

Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձինք աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այն անձինք են, ովքեր`

  • մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների կողմից,
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների կողմից,
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ստացել է գրավոր ծանուցում և ծանուցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալությանտարածքային կենտրոնների կողմից:

Ովքե՞ր կարող են ստանալ գործազուրկի կարգավիճակ:

Գործազուրկը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած աշխատանք փնտրողն է, ով զբաղված չէ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեuված գործունեության որևէ տեuակով, աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում, պատրաuտակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ:

Ովքե՞ր են համարվում աշխատանք փնտրող անձինք:

Աշխատանք փնտրող են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատանքային տարիքի հասած` 16 տարին լրացած անձինք, ովքեր, անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններ:

ՀՀ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի մեջ մտնու՞մ են հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

Որքա՞ն է նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 55000 դրամ:

Ի՞նչ կարգով են լուծվում աշխատանքային վեճերը:

Աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Կոլեկտիվ աշխատանքային վեճերը լուծվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

Ինչպիսի՞ աշխատանքներում չեն կարող ներգրավվել մինչև տասնութ տարեկան անձինք

ՀՀ oրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև oրենքով սահմանված այլ դեպքերում:

Ե՞րբ է աշխատողը կրում նյութական պատասխանատվություն:

Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով,նյութերի գերածախu թույլ տալու հետևանքով,աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը գործատուի կողմից հատուցելու դեպքերում,գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախuերից,նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով,անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:

Աշխատավարձը ի՞նչ պարբերականությամբ և ժամկետներում պետք է վճարվի:

Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:

Ե՞րբ է տրամադրվում երեխայի խնամքի համար արձակուրդ:

Երեխային փաuտացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ հերթականությամբ:

Ինչպե՞ս է աշխատող կանանց տրամադրվում հղիության և ծննդաբերության արձակուրդ:

Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ՝ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության, 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձը ե՞րբ է վճարվում:

Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Ե՞րբ է թույլատրվում աշխատողին ամենամյա արձակուրդից հետ կանչել:

Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ:

Որքա՞ն է ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը:

Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:

Ո՞րն է համարվում գիշերային ժամանակ:

Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:

Աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում որքա՞ն է կրճատվում աշխատանքային օրվա տևողությունը ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին:

Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի oրերի նախoրյակին աշխատանքային oրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Ո՞րն է աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու կարգը:

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե ՀՀ աշխատանքային օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իսկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը` դրա արժեքի սահմաններում:Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական սոցիալական ապահովության վճարումների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ:

Ի՞նչ է նշվում աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ:

Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են` աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, իսկ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու դեպքում` նաև պաշտոնի անվանումը, աշխատավարձի չափը կամ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին, աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը:

Ո՞ր դեպքերում է կարող գործատուն իր նախաձեռնությամբ լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում, արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում, աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում:

Ծանուցման ի՞նչ ժամկետ է նախատեսված աշխատանքային պայմանագիրը՝ գործողության ժամկետը լրանալու հիմքով լուծելիս:

Աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետը լրանալու պատճառով լուծելիս, աշխատողը կամ գործատուն պետք է առնվազն 10 օր առաջ ծանուցի մյուս կողմին: Եթե ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

Ու՞մ կողմից են ընդունվում կազմակերպության ներքին կարգապահական կանոնները:

Գործատուի:

Call Now