Քրեական

Ա.-ն գտնվում է Սևան քաղաքում և նրան որպես վկա կանչել են քննիչի մոտ, ինչի հետևանքով նա բացակայել է աշխատանքից: Այդ ժամանակահատվածի համար Ա.-ին չի վճարվել Գործատուի կողմից: Արդյո՞ք Ա.-ն ունի փոխհատուցում ստանալու իրավունք:

ՀՀ պետական բյուժեից պետք է փոխհատուցվի Ա.-ի միջին աշխատավարձն այն ամբողջ ժամանակի համար, որը Ա.-ն ծախսել է քրեական դատավարությանը մասնակցելու համար:
Ընդհանուր առմամբ հատուցվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու` երկաթուղային, ջրային, ավտոմոբիլային, բացառությամբ տաքսիի, և տրանսպորտի այլ տեսակներով երթևեկության արժեքը, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ` նաև օդային տրանսպորտով երթևեկության արժեքը:

Արդյո՞ք կարելի է պարտադրել անձին, որպեսզի նա մասնակցի քննչական գործողություններին որպես ընթերակա:

Ոչ, քանի որ քննչական գործողությանը ընթերակայի կարգավիճակով մասնակցելը անձի իրավունքն է, ոչ թե պարտականությունը: Անձը իրավունք ունի հրաժարվել և դա նրա համար որևէ բացասական հետևանքներ չի առաջացնի:

Անձին մեղադրում են հանցագործության մեջ, որի համար սահմանված է պատիժ` տուգանքի կամ մինչև 3 ամիս կալանքի տեսքով: Արդյո՞ք կարող է մինչև գործը դատարանին հասնելը որպես խափանման միջոց կիրառվել կալանավորում:

Ոչ, կալանավորումը և գրավը որպես խափանման միջոց կարող են անձի նկատմամբ կիրառվել այն դեպքում, երբ.
1. անձը կատարել է այնպիսի հանցագործություն, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է,
2. բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործը քննելուն, հանցանք կատարել, խուսափել քրեական պատասխանատվությունից և իր նկատմամբ նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել դատարանի դատավճիռը կատարելու:

Արդյո՞ք կարող են անձին բերման ենթարկել առանց որևէ հիմքի:

Անձին կարող են բերման ենթարկել միայն այն դեպքում, երբ առկա է համապատասխան մարմնի (հետաքննության մարմին, քննիչ, դատախազ, դատարան) պատճառաբանված (հիմնավոր) որոշում:

Ց.-ի ամուսինը պատրաստվում է իրենց կազմակերպության հաշվապահի հետ միասին յուրացնել ընկերության ամբողջ գույքը, որը գերազանցում է 50 մլն ՀՀ դրամը: Արդյո՞ք Ց.-ն կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե այդ մասին չհայտնի ոստիկանությանը:

Ոչ, քանի որ հանցանք կատարած անձի ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության մասին չհայտնելու համար քրեական պատախանատվության ենթակա չեն:

Օ.-ի ընկերները պատրաստվում են ավազակային հարձակում կատարել քաղաքի բանկերից մեկի վրա և առաջարկել են, որ Օ.-ն միանա նրանց, սակայն Օ.-ն մերժել է: Արդյո՞ք Օ.-ն կենթարկվի պատասխանատվության այդ մասին ոստիկանությանը չհայտնելու համար:

Օ.-ն, ով հաստատապես գիտի, որ նախապատրաստվում է հանցագործություն (ծանր կամ առանձնապես ծանր) և դրա մասին չի հայտնում իրավապահ մարմիններին, ենթակա է քրեական պատասխանատվության, որի համար նախատեսված է տուգանք 300.000-500.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանք` 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում`առավելագույնը երկու տարի ժամկետով:

Խուլիգանության համար հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Ա.-ին առաջադրվել է մեղադրանք: Ա.-ն հրաժարվում է ցուցմունք տալ: Արդյո՞ք Ա.-ին կարող են ենթարկել քրեական պատասխանատվության:

Ա.-ն իրավունք ունի հրաժարվելու ցուցմունք տալուց, ինչը չի կարող մեկնաբանվել ի վնաս Ա.-ի և նրա համար որևէ բացասական հետևանք չի կարող առաջացնել:

Ի.-ն ծանուցագիր է ստացել քննչական մարմնից, որով որպես վկա հրավիրվում է հարցաքննության: Արդյո՞ք Ի.-ն իրավունք ունի հրաժարվել ցուցմունք տալուց:

Միայն մեկ դեպքում Ի.-ն իրավունք ունի ցուցմունք չտալ, եթե ցուցմունքը վերաբերվում է իրեն, իր ամուսնուն կամ մերձավոր ազգակամմերին:
Եթե տեղեկությունը չի վերաբերվում Ի.-ին, նրա ամուսնուն կամ մերձավոր ազգականներին, և Ի.-ն հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա Ի.-ն կենթարկվի քրեական պատասխանատվության:

Կ.-ն գործուղման գնալուց առաջ իր հարևան Ռ.-ին տվել է իր ոսկյա թևնոցը և խնդրել պահել մինչև վերադառնալը, սակայն վերադառնալուց հետո իմացել է, որ իր թևնոցը Ռ.-ն վաճառել է և գումարն էլ ծախսել: Արդյո՞ք Ռ.-ն կենթարկվի քրեական պատասխանատվության:

Ռ.-ն յուրացրել և վատնել է այն գույքը, որն իրեն է վստահել Կ.-ն, հետևաբար Ռ.-ի արարքը կհամարվի հանցագործություն:
Ընդ որում, յուրացված կամ վատնած գույքը պետք է 30.000 ՀՀ դրամից ավելի արժեք ունենա, որպեսզի արարքը որակվի որպես հանցագործություն:

Գ.-ի ընկեր Բ.-ն խոսակցության ժամանակ նշել է, որ եթե Գ.-ն իրեն տա 300.000 ՀՀ դրամ, ապա Բ.-ն արտասահմանից Գ.-ի համար շահեկան գնով հեռախոս կբերի: Գ.-ն հավատալով Բ.-ին, 300.000 ՀՀ դրամը փոխանցում է Բ.-ին, սակայն հետագայում Գ.-ն ո´չ հեռախոս ստացավ, ո´չ էլ գումարը: Արդյո՞ք Բ.-ի արարքը համարվում է հանցագործություն:

Բ.-ն կենթարկվի քրեական պատասխանատվության խարդախության համար, քանի որ Գ.-ին խաբելով կամ նրա վստահությունը չարաշահելով, նրանից գույք, այդ թվում գումար է վերցնում (կամ համոզում է տվյալ անձին, որ գույքն իրեն փոխանցի):
Արարքը հանցագործություն որակելու համար անհրաժեշտ է, որ գույքի արժեքը 30.000 ՀՀ դրամից ավելի լինի:

Արդյո՞ք անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե զղջում է, որ ապօրինի եղանակով ձեռք է բերել թմրանյութ:

Անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե անօրինական ձևով պատրաստած, վերամշակած, ձեռք բերած, պահած, մի վայրից մեկ այլ վայր տեղափոխած կամ առաքած թմրամիջոցները (թմրանյութ, հոգեմետ նյութ) ինքնակամ հանձնի իրավապահ մարմիններին:

Թմրանյութ օգտագործելու համար անձը ենթարկվու՞մ է քրեական պատասխանատվության:

2008 թվականից թմրանյութեր օգտագործելը որպես հանցագործություն ապաքրեականացվել է: Անձը թմրանյութ օգտագործելու համար կենթարկվի միայն վարչական պատասխանատվության:

Որո՞նք են մեղքի ձևերը:

1.Մեղքը դրսևորվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
2.Անզգուշությամբ կատարված արարքը հանցագործություն է, եթե դա նախատեսված է քրեական օրենսգրքի Հատուկ մասով:

Ի՞նչ է հանցափորձը:

Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, սակայն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:

Որո՞նք են քրեական պատասխանատվության ընդհանուր պայմանները:

Քրեական պատասխանատվության ենթակա է միայն մեղսունակ ֆիզիկական անձը, ով հանցանք կատարելու պահին հասել է քրեական օրենսգրքով սահմանված տարիքի:

Որո՞նք են պատժի տեսակները:

Պատժի տեսակներն են`
1)տուգանքը.
2)որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը.
3)հանրային աշխատանքները.
4)հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը.
5)գույքի բռնագրավումը.
6)կալանքը.
7)կարգապահական գումարտակում պահելը.
8)ազատազրկումը որոշակի ժամկետով.
9)ցմահ ազատազրկումը:

Ի՞նչ է կալանքը:

Կալանքը ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձեւով հասարակությունից խիստ մեկուսացման պայմաններում դատապարտյալին պահելն է: Կալանքը կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում` տասնհինգ օրից մինչեւ երեք ամիս ժամկետով եւ միայն այն դեպքում, երբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել:
Կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչեւ ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ:

Որո՞նք են անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակները:

1.Տուգանքը
2.Հանրային աշխատանքները
3.Կալանքը
4.Որոշակի ժամկետով ազատազրկումը.

Ի՞նչ է նշանակում «հանցակազմի բացակայություն»

Հանցագործությունը բնութագրող հատկանիշներն են արարքի հասարակական վտանգավորությունը և քրեական հակաօրինականությունը:Հանրորեն վտանգավոր արարքի` քրեական օրենսգրքով սահմանված հատկանիշների համակցությունը կոչվում է հանցակազմ:Հանցակազմը հանրորեն վտանգավոր արարքի քրեական օրենքով սահմանված օբյեկտիվ և սուբյեկտիվ հատանիշների համակցություն է:Հանցակազմի տարրերն են հանցագործության օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը, սուբյեկտիվ կողմը: Այս տարրերից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի, ուրեմն և հանցագործության բացակայության մասին:

Ո՞րոնք են հանցակազմի տարրերն:

Հանցակազմի տարրերն են հանցագործության օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը, սուբյեկտիվ կողմը:

Ո՞րոնք են հանցագործությունը բնութագրող հատկանիշներն:

Հանցագործությունը բնութագրող հատկանիշներն են արարքի հասարակական վտանգավորությունը և քրեական հակաօրինականությունը:

Ո՞րոնք են հանցագործության սուբյեկտի հատկանիշները

Հանցագործության սուբյեկտը, որպես հանցակազմի տարրերից մեկը, բնութագրվում է որոշակի հատկանիշներով։ Այդ հատկանիշների թվին են դասվում․

  • ֆիզիկական անձ լինելը, չնայած որոշ երկրներում հանցագործության սուբյեկտ են համարվում նաև իրավաբանական անձինք,
  • մեղսունակությունը,
  • օրենքով սահմանված տարիքի հասած լինելը։

Ի՞նչ է մեղսունակությունը

Անձը կարող է իր կատարած հանցանքի համար պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքում, եթե մեղսունակ է, այսինքն՝ օժտված է գիտակցությամբ և կամքով։ Այն անձինք, ովքեր զրկված են իրենց արարքը գիտակցելու կարողությունից կամ գիտակցում են, սակայն ընդունակ չեն ղեկավարել այն, քրեական պատասխանատվության ենթակա չեն։ Մեղսունակության վերաբերյալ տեսությունը ձևավորվել է ֆրանսիական քրեական իրավունքում 18-րդ դարի վերջին։ Ենթադրվում է, որ ցանկացած քաղաքացի մեղսունակ է։ Սակայն հանրորեն վտանգավոր արարքի հանգամանքները, սուբյեկտի վարքագիծը հանցագործության պահին կամ դրանից հետո կարող են հանգեցնել նրա մեղսունակության վերաբերյալ կասկածների։ Այդպիսի ցանկացած կասկածի դեպքում նշանակվում է դատահոգեբուժական փորձաքննություն։

Ո՞րոնք են անմեղսունակության չափանիշները

Անմեղսունակությունը ներառում է երկու չափանիշ՝ բժշկական և իրավաբանական։ Բժշկական չափանիշների հիմքը կազմում են դատական հոգեբուժություն գիտության դրույթները։ Բժշկական չափանիշն ընդգրկում է հոգեկան խանգարումների չորս ձևեր.

  1. քրոնիկ հոգեկան հիվանդություններ
  2. հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումներ
  3. տկարամտություն
  4. այլ հիվանդագին վիճակներ։

Ի՞նչ է նշանակում սահմանափակ մեղսունակություն

Քրեաիրավական տեսության մեջ սահմանափակ մեղսունակություն ասելով հասկանում ենք անձի հոգեկան այնպիսի վիճակը, երբ վերջինս ի վիճակի չէ ամբողջությամբ գիտակցել իր գործողություները և կամ ղեկավարել դրանք։ Անձի այդ հնարավորությունները սահմանափակվում են հոգեկան խնդիրների հետևանքով։Հայկական քրեական իրավունքում սահմանափակ մեղսունակությունը համարվում է մեղսունակության դրսևորում, և սահմանափակ մեղսունակ վիճակում հանցանք կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության։

Ի՞նչ է հանցագործության օբյեկտը

Հանցագործության օբյեկտը իրենից ներկայացնում է այն հասարակական ինստիտուտները, որոնց հանդեպ ոտնձգություն է կատարվել տվյալ հանցավոր արարքը։ Առավել հաճախ այս ինստիտուտների թվին են դասվում  հասարակական հարաբերությունները,սոցիալական արժեքները, շահերը՝ մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակական կարգը, հասարակական անվտանգությունը, շրջակա միջավայրը, պետական կառուցվածքը և իշխանությունը, խաղաղությունը, մարդկության անվտանգություը և այլն։
Հասարակական հարաբերությունների վրա ոտնձգությունը հնարավոր է երեք եղանակով.

  • Հասարակական հարաբերության մասնակցին վնաս հասցնելը /օր. սպանություն/,
  • Հասարակական հարաբերությունների ծագման հիմք հանդիսացող առարկայի վրա որոշակի ազդեցության ճանապարհով /գողություն, հափշտակություն/
  • Իրեն իսկ բացառելով հասարակական հարաբերությունից /օր. եկամուտների մասին հաշվետվություններից խուսափում/։
Call Now