“ZARA” VS “ZARA WINES Z TIGRANI

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) թիվ ՎԴ/5614/05/15 վարչական գործով անդրադարձել է “ZARA WINES Z TIGRANI” ապրանքային նշանի և “ZARA” ապրանքային նշանի նմանության հարցին:

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հաստատել է, որ ապրանքային նշաններում պաշտպանության օբյեկտ է հանդիսանում միայն հիմնական տարբերակիչ տարրը, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան նշանին կատարված հավելումներն այնքանով են փոխում այդ նշանը, որ հիմնական տարրը կորցնում է իր անհատականությունը և տարբերակիչ նշանակությունը: Համակցված ապրանքային նշանների նմանության առումով ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ համակցված ապրանքային նշանների նմանակման հարցը որոշելիս վերջիններս համեմատվում են նաև այն նշանների հետ (բառային, պատկերային և այլն), որոնք որպես տարրեր ներառված են համապատասխան համակցված ապրանքային նշանի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ ապրանքային նշանի համեմատության ընթացքում նախևառաջ պետք է հաշվի առնվի տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը` անկախ լրացուցիչ և զուտ սիմվոլիկ տարրերի առկայությունից: Այսինքն` եթե ապրանքային նշանում կրկնվում է տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը, ապա կարելի է եզրակացնել, որ այն ունի շփոթելու աստիճան նմանություն: Ապրանքային նշանները պետք է համեմատության առարկա դարձվեն որպես ամբողջություն, որպեսզի ստեղծվի նույն իրադրությունը, որն առկա է սպառողի մոտ, քանի որ վերջինս իր տրամադրության տակ չունի երկու նշանները, որպեսզի կարողանա գտնել դրանց տարբերակիչ հատկանիշները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ապրանքային նշանի հիմնական նպատակն է անհատականացնել ապրանքը և ուղղորդել հնարավոր սպառողներին, ապրանքային նշանների նմանությունը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև սպառողների զարգացվածության և պատրաստվածության մակարդակը:

Անդրադառնալով այն խնդրին, որ երկու ապրանքային նշանների համեմատության ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի ապրանքային նշանների թե՛ նմանությունները, թե՛ տարբերությունները, ՀՀ վճռաբեկ դատարանը վկայակոչել է իր այն նախկին դիրքորոշումը, որ ապրանքային նշանները համեմատելիս նախևառաջ պետք է հաշվի առնվեն այդ նշանների նմանությունները (որն ունի տարբերակիչ նշանակություն)` անկախ լրացուցիչ և աննշան տարրերի առկայության: Այսինքն` եթե ապրանքային նշանում կրկնվում է տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը, կարելի է եզրակացնել, որ այն ունի շփոթելու աստիճանի նմանություն: Ապրանքային նշանների շփոթության աստիճան նմանության հարցի նկատմամբ նման մոտեցումը բացատրվում է այն հանգամանքով, որ սպառողն այս կամ այն ապրանքն ընտրելիս առաջին հերթին ուշադրություն է դարձնում հենց ապրանքային նշանին և դրանում գտնելով իրեն արդեն իսկ հայտնի ապրանքային նշանի հիմնական բաղադրատարրերը` կարող է սխալ համոզմունք ձեռք բերել համապատասխան ապրանքն արտադրողի հարցում` առանց նկատելու այն չնչին տարբերությունները, որոնք սպառողը կարող էր նկատել միայն այդ երկու ապրանքային նշաններն իրար կողք կողքի համեմատելիս (տե՛ս, “Երևանի կոնյակի գործարան” ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/4241/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Արդյունքում վճռաբեկ բողոքը բավարարվել է իսկ գործն ուղարկվել է նոր քննության, և չնայած այն հանգամանքի որ երկու ապրանքային նշանները գրանցված են տարբեր ապրանքային դասերում ZARA WINES Z TIGRANI նշանի գրանցումը ամենայն հավանականությամբ անվավեր կճանաչվի:

Call Now ButtonCall Now