Դատարանը հրապարակել է Արսեն Բաբայանի կալանավորման որոշումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 24-ին , որոշում կայացրեց բավարարել Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։
Նրա պաշտպան Լուսինե Սահակյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիմքերի մասին չի ցանկանում խոսել, քանի որ ճնշումը դատարանի վրա այնքան մեծ էր, որ դատավորը չէր կարող անկախ լինել: Պաշտպանը հավելեց, որ մերժվել է նաև գրավի միջնորդությունը։ Պաշտպանական կողմը բողոքարկելու է որոշումը և դիմելու եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:
Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին
ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ iravaban.net: