Ո՞վ է համարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր

2019 թվականի ապրիլի 23-ին ընդուված օրենքով լրացումներ և փոփոխություններ է կատարվել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքում /ուժի մեջ է մտնելու 2019թ-ի մայիսի 19-ից/:

Ինչպես հայտնի է պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները ստանում են հավաստագիր` հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ:
Օրենքով ավելացվել է պետական աջակցության ենթակա գործունեության տեսակը՝ էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն, համակարգչային անիմացիա և մոդելավորում, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում:
Ինչպես նաև հստակեցվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր` համարվելու չափանիշները:
Մասնավորապես.
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր` համարվում են Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 70%-ը ձևավորվել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող կամ հավաստագրված տնտեսավարող սուբյեկտները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
Հավաստագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով:
Հավաստագրման համար կարող են դիմել հետևյալ տնտեսավարող սուբյեկտները.1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցությունների և դուստր ընկերությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:
3. Հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
1) ստեղծվել են բացառապես սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով.
2) չեն ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում.
3) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսացել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.
4) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսանում սույն օրենքի պահանջներին համապատասխան հավաստագրված այլ ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր.
5) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից.
6) աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը.
7) հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում և (կամ) դիմելու պահին հանդիսանում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած (իրականացնող) այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած (իրականացնող) այլ կազմակերպության բաժնետեր կամ մասնակից.
8) հավաստագրման համար չի կարող դիմել այն անհատ ձեռնարկատերը, որը դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում հանդիսացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած և գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.
9) հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերի 20 և ավելի տոկոս բաժնեմասը պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության, կամ որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկին պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության 20 և ավելի տոկոս բաժնեմասը:
4. Հավաստագրի գործողության ընթացքում հիմնական միջոցների օտարումը, ինչպես նաև համատեղ գործունեության պայմանագրի կնքումը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից դուրս իրականացվող այլ գործունեություն է:
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված աշխատողների թիվը հավաստագրի գործողության ընթացքում չի կարող գերազանցել 30-ը:
6. Հավաստագրված անձինք`1) պարտավոր են հավաստագրի գործողության ընթացքում պահպանել սույն հոդվածի 2-5-րդ մասերում նշված պահանջները.
2) չեն կարող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին օտարել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության արդյունքները, բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի:”:
Մինչև 2018 թվականի փետրվարի 1-ը սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են դրանց տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով, իսկ 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը գործում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2017 թվականի դեկտեմբերի 1-ից հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական գրանցում ստացած (հաշվառված) տնտեսավարող սուբյեկտները կարող են հավաստագրման համար դիմել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
Համապատասխան փոփոխություն է կատարվել նաև 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերում “5 տարի ժամկետով” բառերը փոխարինվել են “մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը” բառերով:

Call Now ButtonCall Now