Էլեկտրոնային եղանակով կատարված պետական տուրքի վճարման վերաբերյալ

Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Թիվ ԱՐԱԴ/0405/02/16 գործով անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք էլեկտրոնային եղանակով կատարված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթուղթը կարող է համարվել պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց այն պարագայում, երբ բանկի կնիքն առկա չէ փաստաթղթի վրա:

Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Օրենսդիրը սահմանել է վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությունը` մասնավորապես նշելով, որ այն ՀՀ օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ:Այսինքն` վճարահաշվարկային համակարգի միջոցով անձն իրավասություն է ստանում կատարելու համապատասխան վճարումներ, ի հավաստում որի` տրամադրվում է համապատասխան վճարահաշվարկային փաստաթուղթ (օր.` վճարման հանձնարարական, վճարման պահանջագիր և այլն): Ընդ որում, վճարահաշվարկային փաստաթուղթը կարող է լինել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային: Միաժամանակ օրենսդիրը “Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին” ՀՀ օրենքով սահմանել է նաև վճարման հանձնարարականի, որպես վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությունը, ըստ որի այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ի ապահովումն վերը նշված օրենքների կիրառման Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կանոնակարգվել են վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները: Մասնավորապես, որպես ընդհանուր կանոն էլեկտրոնային եղանակով ստեղծված վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման համար նախատեսվել են մի շարք վավերապայմաններ, որոնցից է նաև ստորագրություն վավերապայմանը: Ըստ այդմ էլ էլեկտրոնային եղանակով վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագրի և (կամ) այլ միջոցի տրամադրումը: Ընդ որում, ստորագրություն վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: Ավելին` նույն կարգով, որպես հատուկ կանոն սահմանվել է նաև “վճարման հանձնարարականին” (վճարահաշվարկային փաստաթուղթ) վերաբերող վավերապայմանները, որի 25-րդ կետում, որպես վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության` գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքի, ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր է միայն, այն դեպքերում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է թղթային եղանակով: Այսինքն` այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, դրա նկատմամբ կիրառելի չէ վերը նշված կանոնը:Վճռաբեկ դատարանը փաստել է, որ վճարման հանձնարարագրի ուսումնասիրությունից հետևում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով` “ՀԾ-ԿլիենտԲանկ” համակարգով: Միաժամանակ այն համապատասխանում է վճարահաշվարկային փաստաթուղթ ներկայացնելու համար սահմանված վավերապայմաններին:
Ինչ վերաբերում է վճարման հանձնարարագրում բանկի իրավասու անձի ստորագրության բացակայությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճարման հանձնարարականում ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքերում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:

Call Now