Ճարտարապետահատակագծային առաջադրանքի իրավաբանական բնույթի և նշանակության վերաբերյալ

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է հետևյալ իրավական հարցադրմանը. ճարտարապետահատակագծային առաջադրանքն արդյո՞ք կարող է համարվել վարչական ակտ և անվավեր ճանաչվել վարչական ակտի անվավերության համար օրենքով սահմանված հիմքերով:

“Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:
Այսպես, “Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` (…) կառուցապատողները պարտավոր են` “դ” քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք (…) ստանալ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից (…):
“Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն` ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն), որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ:”Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` նույն օրենքի 6-րդ հոդվածի “դ” կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանները (…) և սահմանափակումները (…):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված և օբյեկտի նախագծմանն առնչվող քաղաքաշինական, պատմության և մշակույթի հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամների ու բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ ակտերով սահմանված պահանջները:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է վերջինիս կողմից նույն հոդվածի վեցերորդ մասով սահմանված մարմնին ներկայացված հայտի հիման վրա:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար (…):
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` համայնքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է:
“Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը Կառավարության սահմանած կարգով: Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի “ժ” կետով նախատեսված ժամկետով (…):
“Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման կարգերը սահմանում է Կառավարությունը:
Վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը կամ նախագծման թույլտվությունը` շինարարության թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքների իրականացման համար պարտադիր փաստաթուղթ է, որը սահմանում է կառուցապատվող օբյեկտի նախագծման պարտադիր պահանջները, պայմանները և սահմանափակումները և հիմք է հանդիսանում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար: Ընդ որում, ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայությունը պարտադիր է շինարարության թույլտվություն ստանալու համար. առանց առաջինի առկայության երկրորդը չի կարող տրամադրվել:

Օրենսդիրը ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման կարգը սահմանելու լիազորությունը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով իրեն վերապահված այդ լիազորությունը, 19.03.2015 թվականին ընդունված թիվ 596-Ն որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը (այսուհետ` Կարգ)` համաձայն նույն որոշման թիվ 1 հավելվածի:
Կարգի 2-րդ կետի համաձայն` կառուցապատման նպատակով թույլտվությունները և այլ փաստաթղթեր տրամադրվում են հետևյալ փուլերով` նախագծման թույլտվություն (կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք), շինարարության թույլտվություն և ավարտական ակտ (կամ շահագործման թույլտվություն) (…):
Նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրման` ՀՀ կառավարությունը 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ընթացակարգի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կառուցապատողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար հայտով դիմում է իրավասու մարմնին (Կարգի 47-րդ կետ): Իրավասու մարմինն ինժեներական ենթակառուցվածքի ցանցերին միանալու տեխնիկական պայմաններն ստանալու նպատակով հայտի ընդունման օրվանից եռօրյա ժամկետում հարցում է ներկայացնում մատակարար կազմակերպություններին (Կարգի 50-րդ կետ): Վերջիններս սահմանված ժամկետում իրավասու մարմնին են տրամադրում տեխնիկական պայմանները (Կարգի 51-րդ կետ), իսկ իրավասու մարմինը սահմանված ժամկետում կառուցապատողին է տրամադրում ճարտարապետահատակագծային առաջադրանքը (Կարգի 52-րդ կետ):

Ստանալով ճարտարապետահատակագծային առաջադրանքը` կառուցապատողը նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով նախագծային փաստաթղթեր մշակող կապալառուի հետ կնքում է նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագիր (Կարգի 72-րդ կետ): Կառուցապատողը նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագծային փաստաթղթերը, որպես կանոն, ներկայացնում է փորձաքննության (Կարգի 93-րդ կետ): Նախագծային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացության դեպքում (եթե տվյալ նախագծի համար պահանջվում է փորձաքննություն) կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին` նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման նպատակով (Կարգի 98-րդ կետ): Այնուհետև իրավասու մարմինը սահմանված ժամկետում համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվություն (Կարգի 100-րդ կետ), ինչից հետո նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված (Կարգի 100-րդ կետ), և կառուցապատողը ձեռք է բերում այդ փաստաթղթերին համապատասխան շինարարություն իրականացնելու իրավունք:
Վերոգրյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քաղաքաշինական գործունեության բնագավառում կառուցապատողի վերջնական նպատակը շինարարության իրականացումն է, որը կարող է կատարվել միայն շինարարության թույլտվության հիման վրա, իսկ շինարարության թույլտվությունն էլ կարող է տրվել միայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա: Այսինքն` ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայությունը շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախապայման է: Հետևաբար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար Կարգի 47-րդ կետով սահմանված հայտով իրավասու մարմնին դիմած կառուցապատողի իրական շահագրգռվածությունն ու մտադրությունն ուղղված է ոչ թե սոսկ ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալուն, այլ` շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվություն ստանալուն:

Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքի ղեկավարի կողմից տրվում է, եթե հայտով ներկայացված պահանջները համապատասխանում են օրենսդրությամբ, տարածական պլանավորման փաստաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպեu նաև քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին: Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար: Հետևաբար առանց նշված առաջադրանքի առկայության կառուցապատողը չի կարող մշակել և նախապատրաստել նախագծային փաստաթղթերի փաթեթը, որի համաձայնեցման պարագայում միայն համայնքի ղեկավարը կարող է կառուցապատողին տրամադրել շինարարական թույլտվություն (տե՛ս, “Գյումրի-հաց” ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի թիվ 3-20(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

Այսպիսով, ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի համատեքստում դիտարկելու արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

1) ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանվում են կառուցապատվող օբյեկտի նախագծման պարտադիր պահանջները, պայմանները և սահմանափակումները, և այն հիմք է հանդիսանում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար,
2) ճարտարապետահատակագծային առաջադրանքով կառուցապատվող օբյեկտի նախագծման պարտադիր պահանջների և պայմանների սահմանումը և դրանց համապատասխան ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակումը վերջիվերջո միտված են շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը, այսինքն` ճարտարապետահատակագծային առաջադրանքը շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախադրյալներից մեկն է,
3) ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է ոչ թե դրա տրամադրմանն ուղղված ինքնուրույն վարչական վարույթի, այլ` շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում,
4) ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունվելիք վարչական ակտի` շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի փուլերից մեկն է,
5) ի տարբերություն շինարարության թույլտվության` ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը չի հետապնդում հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակ:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտ չէ, քանի որ այն չի համապատասխանում “Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին” ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական ակտի բոլոր հատկանիշներին:

Call Now