Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը:
Վճռաբեկ դատարանն թիվ ԵԿԴ/0441/02/16 քաղաքացիական գործով անդրադարձել է հետևյալ հարցադրումներին.
1)Ինչպիսի՞ վարչական և դատավարական գործողությունների միջոցով անձը կարող է իրացնել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իր իրավունքը,
2)ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցապահանջի հիման վրա հարուցված գործն ընդդատյա է արդյո՞ք ընդհանուր իրավասության դատարանին:
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը վարչական մարմնի կողմից լրիվ կամ մասնակիորեն մերժվելու դեպքում շահագրգիռ անձը կարող է դիմել իր խախտված իրավունքների ինչպես վարչական, այնպես էլ դատական պաշտպանության:
Ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված նմանատիպ վեճերը բխում են հանրային իրավահարաբերություններից և ընդդատյա են վարչական դատարանին:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժելու մասին վարչական մարմնի որոշման իրավաչափության հարցը, ինչպես նաև այդ դիմումով hայցվող ոչ նյութական վնասի hատուցման ենթակա լինելու կամ չլինելու հարցը վարչական դատարանի առջև կարող է բարձրացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցատեսակի միջոցով:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը կենսագործվում է հետևյալ ընթացակարգով.
1) նախևառաջ ոչ նյութական վնաս պատճառած պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ վարչական ակտը պետք է շահագրգիռ անձի դիմումով (վարչական կամ դատական կարգով) ճանաչվի ոչ իրավաչափ,
2)այնուհետև շահագրգիռ անձը պետք է դիմի ոչ իրավաչափ գործողություն կատարած կամ ոչ իրավաչափ անգործություն դրսևորած կամ ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունած վարչական մարմնին՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջով,
3)ոչ նյութական վնասի հատուցման դիմումի լրիվ կամ մասնակիորեն մերժման դեպքերում շահագրգիռ անձը կարող է վարչական կարգով բողոքարկել այդ դիմումը մերժելու մասին վարչական ակտը կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի միջոցով դիմել վարչական դատարան՝ ոչ իրավաչափ գործողություն կատարած կամ ոչ իրավաչափ անգործություն դրսևորած կամ ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունած վարչական մարմնին ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջով,
4)ոչ նյութական վնասի հատուցման դիմումը չքննարկվելու դեպքում գործում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի ինստիտուտը (դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայության պարագայում), որի շրջանակներում շահագրգիռ անձը կարող է հասնել ոչ նյութական վնասի հատուցման իր իրավունքի գործնական իրացմանը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակով վարչական դատարան դիմելու միջոցով: