Մատակարարման պայմանագրի հիմնական ռիսկերը:
Մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/1025/02/14 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ անդրադարձել է մատակարարման պայմանագրի առարկայի հանձնման պահին՝ արձանագրելով, որ մատակարարման պայմանագրի կատարման համար անհրաժեշտ է, որպեսզի մատակարարը գնորդին հանձնի պայմանագրով նախատեսված ապրանքները, իսկ գնորդը դրանք ընդունի: Ընդ որում, պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու պարագայում ապրանքը հանձնելու պարտականությունը համարվում է կատարված, եթե ապրանքը փաստացի հանձնվել է գնորդին: Ապրանքների հանձնման՝ որպես իրավաբանական փաստի հետ կապվում է այնպիսի իրավական հետևանքի առաջացում, ինչպիսին է ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը գնորդին անցնելը։ Տեսության մեջ կարելի է հանդիպել նաև այն կարծիքին, որ, ապրանքը գնորդին փոխանցելով, վերջինիս մոտ ծագում է սեփականության իրավունք։ Այսինքն՝ գույքի հանձնման պահը համընկնում է սեփականության իրավունքի փոխանցման պահի հետ։ Օրինակ՝ որոշ իրավաբանների կարծիքով՝ սեփականության իրավունքը գնորդի համար ծագում է միայն այն ժամանակ, երբ վաճառողը գույքը հանձնում է գնորդին։ Մյուս իրավաբաններն էլ արտահայտում են այլ կարծիք այս մասին, որ օրենսդիրն առուվաճառքի պայմանագրում սեփականության իրավունքի փոխանցումը պայմանավորում է պայմանագրի գնի վճարման պահով։ Կարծում ենք՝ տվյալ հարցին Օրենսգրքում տրված է հակասական մոտեցում։ Օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գնորդը դառնում է ապրանքի սեփականատեր ապրանքի համար վճարելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Տվյալ խնդիրը, բնականաբար, չի վերաբերում այն դեպքերին, երբ պայմանագրում ուղղակիորեն նախատեսվում է սեփականության իրավունքի փոխանցման պահը։
Ամեն դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական շրջանառության մեջ ոչ միշտ է ապրանքի համար վճարվում հանձնման պահից անմիջապես առաջ կամ հետո, կարծում ենք, որ օրենսդրական հակասությունը վերացնելու միջոցով, ճիշտ տարբերակն է պայմանագրային պայմանավորվածության բացակայության դեպքերում գույքի փոխանցումը հավասարեցնել սեփականության իրավունքի փոխանցմանը՝ սահմանելով մատակարարի համար վճարումը ստանալու երաշխիքներ։ Նմանատիպ երաշխիք է սահմանում Օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ մասը, որի համաձայն՝ ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով։
Այն դեպքում, երբ կողմերը նախատեսել են մատակարարման պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ապրանքները մատակարարել առանձին խմբաքանակներով և դրանց մատակարարման ժամկետները (մատակարարման փուլերը) պայմանագրում որոշված չեն, ապա ապրանքները պետք է մատակարարվեն ըստ ամիսների` հավասարաչափ խմբաքանակներով, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության էությունից կամ գործարար շրջանառության սովորույթներից: Պայմանագրով մատակարարման փուլերի հետ մեկտեղ կարող է սահմանվել ապրանքների մատակարարման ժամանակացույց:
Ապրանքները կարող են վաղաժամկետ մատակարարվել գնորդի համաձայնությամբ:
Մատակարարն ապրանքները տեղ է հասցնում մատակարարման պայմանագրով նախատեսված տրանսպորտով և պայմանագրով սահմանված պայմաններով: Այն դեպքերում, երբ պայմանագրում որոշված չէ, թե տրանսպորտի ինչ տեսակով կամ ինչ պայմաններով են ապրանքները տեղ հասցվելու, տրանսպորտի տեսակն ընտրելու կամ ապրանքները տեղ հասցնելու պայմանները որոշելու իրավունքը պատկանում է մատակարարին, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության էությունից կամ գործարար շրջանառության սովորույթներից:
Մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքները մատակարարի գտնվելու վայրում ստանալու գնորդի իրավունքը: ՀՀ վճռաբեկ դատարանը իր թիվ ԵԿԴ/3094/02/11 քաղաքացիական գործով որոշմամբ արձանագրել է հետյալը. «Ինչ վերաբերում է գնորդի կողմից ապրանքն ընդունելուն, ապա այն ներառում է վերջինիս կողմից այնպիսի գործողությունների կատարում, որոնցով պետք է ապահովվի մատակարարված ապրանքները փաստացի տիրապետման ընդունելը, ինչպես նաև պարզվի ապրանքի համապատասխանությունը պայմանագրով նախատեսված պայմաններին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ այդ գործողությունների ծավալը կախված է ապրանքները գնորդին հանձնելու վայրից և այն եղանակից, որով պետք է իրականացվի հանձնումը»: Այսինքն՝ գնորդի կողմից մատակարարված ապրանքների ընդունմանն ուղղված գործողությունների բավարար լինելը յուրաքանչյուր գործով պետք է առանձին գնահատվի։ Տվյալ պարտականության կարգավորում է պարունակում նաև 1980 թվականին Վիեննայում ընդունված Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի մասին ՄԱԿ—ի կոնվենցիան։
Գնորդը պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները: Գնորդը ընդունված ապրանքները պետք է զննի սահմանված ժամկետում: Գնորդը պարտավոր է այդ նույն ժամկետում` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված կարգով, ստուգել ընդունած ապրանքների քանակն ու որակը և հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել մատակարարին: Մատակարարված ապրանքները տրանսպորտային կազմակերպությունից ստանալու դեպքում գնորդը պարտավոր է ստուգել ապրանքների համապատասխանությունը տրանսպորտային և ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկություններին, ինչպես նաև պահպանել տրանսպորտի գործունեությունը կարգավորող օրենքներով ու այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները:
Գնորդը կարող է չզննել գույքը, սակայն այդ դեպքում կկրի դրա բացասական հետևանքը՝ թերություն ունեցող գույքի վերաբերյալ մատակարարին պահանջներ ներկայացնելու հնարավորության բացակայության տեսքով։
Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ապրանքը կարող է ունենալ թերություններ, որոնք կարող են պարզվել միայն հետագայում այն օգտագործելիս, և զննման ժամանակ դրանք հնարավոր չէր հայտնաբերել։ Տվյալ դեպքում գնորդը պետք է հնարավորություն ունենա մատակարարին ներկայացնել վերջինիս կողմից պայմանագրի խախտման հետ կապված պահանջներ։ Վիեննայի կոնվենցիայի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գնորդը կորցնում է ապրանքի անհամապատասխանությանը հղում անելու իր իրավունքը, եթե նա այն պահից հետո, երբ դրանք հայտնաբերվել էին կամ պետք է հայտնաբերվեին գնորդի կողմից, ողջամիտ ժամկետում վաճառողին անհամապատասխանության բնույթի մասին տվյալներ բովանդակող ծանուցում չի տալիս։
Անհրաժեշտ է նաև մատակարարի իրավունքների պաշտպանության երաշխիքներ սահմանել ապրանքի զննության վայրը փոփոխելու հետևանքով ապրանքի հնարավոր վնասվածքների ռիսկը վեջինիս վրա չընկնելու տեսանկյունից։ Բնականաբար, ապրանքը երրորդ անձին առաքելու պարտականությունը դրված չէ մատակարարի վրա, հետևաբար վերջինս չպետք է պատասխատվություն կրի առաքման հետևանքով ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի համար։ Մատակարարի՝ ապրանքը հանձնելու պարտականությունն ավարտվում է պայմանագրում նախատեսված վայրում ապրանքը գնորդին կամ նրա մատնանշած անձին հանձնելով։ Դրանից հետո ապրանքի հետագա տեղափոխման հետ կապված որևէ պարտավորություն վերջինս չունի։ Այսինքն՝ փոխվում է ապրանքի զննության վայրը, այլ ոչ թե այն գնորդին հանձնելու վայրը։ Հետևաբար, եթե ապրանքի թերությունը կամ դրա առաջացման պատճառը առաջանա գնորդի կողմից երրորդ անձին առաքելու ընթացքում, մատակարարը պատասխանատվություն չի կրի նման թերության համար։ Ապրանքի զննումից հետո գնորդը փաստացի ընդունում է ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունել։
Մատակարարի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`
1) մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, որոնց թերությունները չեն կարող վերացվել գնորդի համար ընդունելի ժամկետում.
2) բազմիցս խախտվել են ապրանքների մատակարարման ժամկետները:
Գնորդի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`
1) բազմիցս խախտվել են ապրանքների համար վճարելու ժամկետները.
2) ապրանքները բազմիցս չեն ընտրվել:
Կողմերի համաձայնությամբ կարող են նախատեսվել մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելու կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելու այլ հիմքեր: