Ֆրանչայզինգի պայմանագրի իրավական և տնտեսական էությունը:

Ֆրանչայզինգը ձևավորվել է դեռևս միջնադարյան Անգլիայում և իր անվանումն է ստացել «franchise» բառից, որը թարգմանաբար նշանակում է իրավունք ստանալ: Հարյուրամյակներ շարունակ ֆրանչայզինգը ենթարկվել է մի շարք փոփոխությունների և ժամանակակից ընկալմամբ ի հայտ է եկել ԱՄՆ-ում,  19-րդ դարում:
Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության պայմանագրով մեկ կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին (օգտագործողին) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները: Համալիր թույլտվության պայմանագրով կողմեր կարող են լինել առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատեր քաղաքացիներ:
Ֆրանչայզինգի պմգ-ն կնքվում է գրավոր և ենթակա է պետական գրանցման: Ավելին, բացի պետական ռեգիստրից պայմանագիրը պետք է ստանա իր գրանցումը ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում, չնայած  գտնում ենք, որ պայմանագրի կրկնակի գրանցման պահանջը անհարկի պարտականություն է կողմերի համար, ինչը որևէ կերպ չի նպաստում ֆրանչայզինգային հարաբերությունների ձևավորմանը և զարգացմանը: Բացի այդ, քանի որ չունենք հստակ օրենսդրական կարգավորում պայմանագրի գրանցման ժամկետների մասով, ապա դա կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակին, երբ կողմերը կխուսափեն պմգ-ն գրանցելուց, ինչը արդեն իր հերթին կհանգեցնի սպառողների իրավունքների պաշտպանության սահմանափակմանը:
Մեր օրենսդրական կարգավորման համաձայն՝ Ֆրանչայզինգի պմգ-ով օգտագործողը կարող է իրավատիրոջը վարձատրել որոշակի միանվագ կամ պարբերական վճարների, հասույթից մասհանումների, իրավատիրոջ կողմից վերավաճառքի համար փոխանցված գույքի մեծածախ գնի և հավելագնի տարբերության կամ պայմանագրով նախատեսված այլ ձևերով: Ինչպես երևում է այս դրույթը ունի դիսպոզիտիվ բնույթ (դրա մասին հուշում է «կարող է» բառը), ուստի կողմերը իրավասու են ընտրել վճարման ցանկացած տարբերակ:
Իրավատերը պարտավոր է`
1) օգտագործողին փոխանցել տեխնիկական և առևտրային փաստաթղթեր, նրան տրամադրել համալիր թույլտվության պայմանագրով վերապահված իրավունքների իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն, ինչպես նաև օգտագործողին և նրա աշխատողներին հրահանգավորել այդ իրավունքների իրականացման հետ կապված հարցերով.
2) օգտագործողին հանձնել պայմանագրով նախատեսված թույլտվությունները (լիցենզիաները)` ապահովելով դրանց ձևակերպումը սահմանված կարգով: Եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով, իրավատերը պարտավոր է`
1) ապահովել համալիր թույլտվության պայմանագրի գրանցումը .
2) օգտագործողին մշտական տեխնիկական և խորհրդատվական աջակցություն ցույց տալ` ներառյալ նրա աշխատողների ուսուցման ու որակավորման բարձրացման ուղղությամբ աջակցությունը.
3) վերահսկել համալիր թույլտվության պայմանագրի հիման վրա օգտագործողի կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների որակը:
Օգտագործողը պարտավոր է`
1) պայմանագրով նախատեսված գործունեությունն իրականացնելիս պայմանագրում սահմանված ձևով օգտագործել իրավատիրոջ ֆիրմային անվանումը.
2) ապահովել պայմանագրի հիման վրա իր կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների որակի համապատասխանությունն իրավատիրոջ կողմից արտադրվող, կատարվող կամ մատուցվող նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների որակին.
Մեր օրենսդրական կարգավորումը ներկայացվող պահանջները, ինչպես երևում է, սահմանափակում է միայն արտադրանքի/ծառայությունների որակով, մինչդեռ մենք խորհուրդ կտայինք պայմանագրում ներառել դրույթներ ապրանքի կոմպլետկավորմանը, տեսականուն, քանակին, տարային և այլ լրացուցիչ ծառայությունների վերաբերվող մասերով:
3) անշեղորեն կատարել իրավատիրոջ հրահանգները և ցուցումները, որոնք ուղղված են բացառիկ իրավունքների համալիրի օգտագործման բնույթի, եղանակների ու պայմանների համապատասխանության ապահովմանն իրավատիրոջ կատարածին` ներառյալ օգտագործվող առևտրային մակերեսների արտաքին ու ներքին ձևավորմանը վերաբերող ցուցումները.
4) գնորդներին մատուցել բոլոր այն լրացուցիչ ծառայությունները, որոնք նրանք կարող էին ստանալ ապրանքը անմիջապես իրավատիրոջից ձեռք բերելու դեպքում.
5) չհրապարակել իրավատիրոջ արտադրության գաղտնիքները և նրանից ստացած այլ առևտրային գաղտնի տեղեկատվությունը.
6) տրամադրել նախապես պայմանավորված քանակի ենթաթույլտվություններ, եթե այդպիսի պարտականություն նախատեսված է պայմանագրով.
7) գնորդներին` նրանց համար առավել ակնառու եղանակով տեղեկացնել, որ ինքն իրավատիրոջ ֆիրմային անվանումը, ապրանքային նշանը, սպասարկման նշանը կամ անհատականացման այլ միջոցն օգտագործում է համալիր թույլտվության պայմանագրի հիման վրա:
Պայմանագրով կարող է նախատեսվել կողմերի իրավունքների սահմանափակում:
1) իրավատիրոջ պարտավորությունը` այլ անձանց չտրամադրել բացառիկ իրավունքների նույնանման համալիրներ` դրանք օգտագործողին ամրացված տարածքում օգտագործելու համար կամ ձեռնպահ մնալ այդ տարածքում նույնանման սեփական գործունեությունից.
2) օգտագործողի պարտավորությունը` չմրցակցել իրավատիրոջ հետ այն տարածքում, որի վրա տարածվում է համալիր թույլտվության պայմանագրի գործողությունը.
3) օգտագործողի հրաժարվելը` իրավատիրոջ մրցակիցներից պայմանագրով նույնանման իրավունքներ ձեռք բերելուց.
4) օգտագործողի պարտավորությունը` իրավատիրոջ հետ համաձայնեցնել պայմանագրով տրամադրված բացառիկ իրավունքներն իրականացնելու դեպքում օգտագործվող առևտրային շինությունների տեղաբաշխումը, ինչպես նաև դրանց արտաքին և ներքին ձևավորումը:
Սահմանափակող պայմանները կարող են անվավեր ճանաչվել հակամենաշնորհային մարմնի կամ այլ շահագրգիռ անձի պահանջով, եթե դրանք համապատասխան շուկայի վիճակի և կողմերի տնտեսական դրության հաշվառմամբ հակասում են հակամենաշնորհային օրենսդրությանը:
Առոչինչ են համարվում համալիր թույլտվության պայմանագրով կողմերի իրավունքները սահմանափակող այն պայմանները, որոնց ուժով`
1) իրավատերն իրավունք ունի որոշել օգտագործողի կողմից վաճառվող ապրանքի կամ օգտագործողի կատարած աշխատանքի, մատուցած ծառայության գինը կամ այդ գների վերին կամ ներքին սահմանը.
2) օգտագործողն  իրավունք ունի ապրանքներ վաճառել, աշխատանքներ կատարել կամ ծառայություններ մատուցել բացառապես գնորդների որոշակի խմբին կամ պայմանագրով որոշված տարածքում գտնվելու վայր ունեցող գնորդներին:
Իրավատիրոջ համար այս պայմանագրի առավելությունը կայանում է նրանում, որ վերջինս ներդրումներ չի կատարում շուկա մուտք գործելու համար: Սա հնարավորություն է տալիս առանց հավելյալ ներդրումների՝ իր բացառիկ իրավունքների տրամադրմամբ ընդյալնելու իր գործունեության ցանցը և անմիջական հսկողության իրականացմամբ ապահովելու ապրանքների ակտիվ շրջանառությունը: Բացասական կողմը կայանում է նրանում, որ ֆրանչայզերը կրում է մեծ ֆինանսական և ռեպուտացիոն ռիսկեր, եթե հանկարծ Օգտագործողը գործի ոչ բարեխիղճ: Եթե նման իրավիճակ ունենանք, ապա մենք ունենք բարեխղճության սկզբունք, ինչի կարգավորումը վերջերս հատկապես լայն տարածում ստացել և կարող ենք պայմանագրում նախատեսել դրույթ առ այն, որ պայմանագիրը կնքելիս իրավատերը առաջնորդվել է օգտագործողի բարեխիղճ գործելու կանխավարկածից, հակառակ դեպքում՝ դրա բոլոր բացասական հետևանքների կրելը դնենք օգտագործողի վրա (օրինակ օգտագործողը ժամանակին տրամադրել է կեղծ կամ ոչ լրիվ տեղեկատվություն, կարևոր տեղեկատվության մասին չհայտնելը և այլն:)
Բացի այդ, ֆրանչայզերի ռիսկերից կարելի է նշել նաև` մտավոր սեփականության ոչ իրավաչափ օգտագործումը, նյութական բարիքների կորուստը, պատասխանատվության ոչ հավասարաչափ բաշխումը, շահույթ չստանալու ռիսկը, պայմանագրի անսպասելի լուծման ռիսկը, տեղեկատվության գաղտնիության հրապարակամ ռիսկը և այլն:
Վերոնոշյալ ռիսկերից ցանկացածի վերաբերյալ պայմանագրում դրւույթներ նախատեսելու հետ միառժամանակ պետք է նախատեսվեն այդ պարտավորությունները խախտելու համար համապատասխան իրավական հետևանքներ, որոնք կարող են քիչ թե շատ զսպման դեր ունենալ: Բացի այդ, մենք կառաջարկեինք ռիսկերի ապահովագրությունը ներառել պայմանագրում որպես դրա անբաժանելի մաս: Գտնում ենք, որ ռիսկերի ապահովագրությունը կբարձրացնի անվտանգության և վստահության աստիճանը կողմերի միջև:

Call Now