Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Կամավորական գործունեությունն ու կամավոր աշխատանքը կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց գործունեություն կամ աշխատանք է, որը մշտապես եղել և մնում է քաղաքացիական հասարակության ուշադրության ներքո: Երկրում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն սուղ, դրվագային կարգավորումներ: Նախագծերի փաթեթը մշակվել է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորման (միասնական իրավական կարգավորումների սահմանման և առկա  իրավական հիմքերի ներդաշնակեցման), ինչպես նաև կամավորի ինստիտուտի կայացման և կամավորության մշակույթի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ու մեխանիզմների ամրագրման նպատակով:
Օրենքի նախագծի իմաստով կամավորական գործունեությանը կազմակերպության կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր իրականացվող գործունեությունն է:
Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սկզբունքներն են`

  • կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների կամքի ազատությունը.
  • անշահախնդրությունն ու կատարված աշխատանքի անհատուցելիությունը.
  • կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը.
  • նախաձեռնողականությունը, մարդասիրությունը և մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը.
  • կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ընթացքում կամավորների և այլ անձանց առողջության և անվտանգության ապահովումը.
  • կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառում ազգային, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը:

Հատուկ (նեղ մասնագիտական) գործունեություն կամ աշխատանք պահանջող բնագավառներում և աշխատանքներում կամավորական գործունեություն կարող է իրականացվել կամ կամավոր աշխատանք կարող է կատարվել՝ մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան իրավասությունն ունենալու դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները: Օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքները, զինվորական կամավորությունը, օրենքով սահմանված կարգով և դեպքերում առանց վարձատրության աշխատանքները (ներառյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, համանախագահների կամ մյուս անդամների կամ այլ պաշտոնատար անձանց չվարձատրվող՝ հասարակական աշխատանքները կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող՝ դատապարտյալների կողմից հանրության համար օգտակար հանրային աշխատանքները կամ ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների չվարձատրվող աշխատանքները) չեն համարվում կամավոր աշխատանքներ:

Կամավորին և կամավոր աշխատանք կատարող այլ անձին արգելվում է ներգրավել Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությանը:

Առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը սույն օրենքին համապատասխան կարող է ներգրավել կամավորների և (կամ) կամավոր աշխատանք կատարող այլ անձանց` միայն իր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում.

Հայաստանի Հանրապետությունում կամավոր աշխատանք կարող է կատարել տասնվեց տարին լրացած, օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով աշխատանքային գործունակություն ձեռք բերած յուրաքանչյուր անձ:

Մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող կամավոր աշխատանքներում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:

Կազմակերպության միջոցով օտարերկրյա պետությունում կամավոր աշխատանքի կամ կամավորական գործողության (ակցիայի)` մինչև տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են ներգրավվել միայն ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:

Հղի կանայք, մինչև երեք տարեկան երեխա խնամող անձինք, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձինք կամավոր աշխատանքի կարող են ներգրավվել՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված սահմանափակումներին ու առանձնահատկություններին համապատասխան:

Եթե հաստատվում է, որ կամավոր աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել կամավորի կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձի առողջությանը, ապա Կազմակերպությունը նրանց կարող է ներգրավել միայն տվյալ աշխատանքից տարբերվող այլ աշխատանքներում:

Հայաստանի Հանրապետությունում կամավոր աշխատանքը խրախուսելու նպատակով շնորհվում են հետևյալ կոչումները.

1) Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավոր.

2) Հայաստանի Հանրապետության տարվա կամավոր:

Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կողմերի փոխադարձ համաձայնության վրա հիմնված այն հարաբերություններն են, որոնք ծագում են կամավորի և Կազմակերպության միջև սույն օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով: Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով:

 

 

 

 

Call Now ButtonCall Now