Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը ընտանեկան իրավունքի իրավակարգավորումների վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանն թիվ ԵԿԴ/0779/02/10 քաղաքացիական գործով անդրադարձել է հետևյալ հարցադրումներին.
1) Արդյո՞ք ամուսինների միջև կնքված համաձայնությունը, որի առարկան հստակ չէ, կարող է հիմք հանդիսանալ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքում ամուսիններից մեկի իրավունքի դադարման համար,
2) արդյո՞ք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասի օտարման պայմանագիրը կարող է հիմք հանդիսանալ բաժնեմասի նկատմամբ իրավունքի ծագման համար, եթե պայմանագրից բխող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ամուսիններն իրենց համատեղ սեփականություն հանդիսացող գույքի կարգավիճակը կարող են փոփոխել հետևյալ եղանակներից որևէ մեկով.
1) ամուսնական պայմանագիր կնքելով,
2) ամուսնալուծության ընթացքում ընդհանուր գույքի բաժանման մասին համաձայնություն կնքելով և այն դատարանին ներկայացնելով,
3) որպես ընդհանուր սեփականության մասնակիցներ՝ գույքը բաժանելով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 199-րդ հոդվածների հիմքով:
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ամուսնական պայմանագրով ընդհանուր գույքի կարգավիճակը որոշվում է արտադատական կարգով, այսինքն՝ ամուսինների միջև դատական վեճից անկախ: Մինչդեռ ամուսնալուծության ընթացքում ընդհանուր գույքի բաժանման մասին համաձայնություն կնքվում և հաստատվում է դատական կարգով:
Եթե ամուսնալուծվելիս համաձայնությամբ ամուսինները որոշում են ընդհանուր գույքը բաժանել, ապա հստակ պետք է լինեն գույքը և ամուսինների բաժինները, կամ եթե կնքվում է ամուսնական պայմանագիր, ապա հստակ պետք է լինի ամուսինների կամքը, մասնավորապես` սահմանելու համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականությունը՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: Ընդ որում, առարկայի մասին դրույթը պարզելիս ամուսնական պայմանագիրը և ամուսնալուծվելիս կնքվող համաձայնությունը պետք է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Հետևաբար, եթե ամուսինների միջև կնքված համաձայնությունը միանշանակորեն հնարավորություն չի տալիս պարզել վերջինիս առարկան, այն չի կարող հիմք հանդիսանալ ամուսիններից մեկի սեփականության իրավունքի դադարման համար:
2) Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասն օտարել այլ մասնակցի կամ երրորդ անձի սակայն բաժնեմասը ձեռք բերողի համար մասնակցության իրավունքը ծագած կհամարվի պետական գրանցման պահից: Ընդ որում, մասնակցի վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ բաժնեմասի չափը պետք է գրանցվի ինչպես իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում, այնպես էլ փոփոխությունը պետք է արտացոլվի ընկերության կանոնադրությունում:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ անկախ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների կամ հնարավոր մասնակիցների ներքին հարաբերություններից, ներքին պայմանավորվածությունից՝ բաժնեմասը ձեռք բերող անձի իրավունքը ծագում է միայն ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվելու, ընկերության կանոնադրությունում փոփոխություն կատարելու և այն գրանցելու պահից: