Անփողության հիմքով փոխառության պայմանագրի վիճարկումը:

Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը նորացմամբ պարտավորությունը դադարելու վերաբերյալ` Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/0527/02/15 քաղաքացիական գործով նշել է, որ նորացումը պարտավորության դադարման ինքնուրույն հիմք է, որը կնքվում է պարտավորական հարաբերությունների երկու կողմերի համաձայնությամբ և նախատեսում է պարտավորության այլ առարկա կամ դրա կատարման այլ եղանակ: Այսինքն` չնայած այն հանգամանքին, որ պարտավորության նորացման դեպքում գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը դադարում է, այնուամենայնիվ, կողմերի միջև փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները չեն դադարում, քանի որ սկզբնական պարտավորության հիմքով նրանց միջև առաջ է գալիս նոր պարտավորություն: Ընդ որում, պարտավորության նորացումը պետք է ծագի միևնույն կողմերի միջև և պետք է տարբերվի սկզբնական պարտավորությունից այլ առարկայով կամ կատարման այլ եղանակով: Միաժամանակ օրենսդիրը սպառիչ սահմանել է այն պարտավորությունները, որոնց դեպքում նորացում չի թույլատրվում, դրանք են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման և ալիմենտի վճարման պարտավորությունները:
Պարտավորության նորացման դեպքում, ի հավաստումն գործարքի կնքման փաստի, չի պահանջվում (կամ չի ենթադրվում) որևէ գույքի կամ դրամական միջոցի փոխանցում, այլ դրա կնքման համար անհրաժեշտ է կողմերի փոխադարձ կամահայտնությունը տվյալ գործարքի բոլոր էական պայմանների շուրջ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ համաձայնությունը նորացում կարող է դիտվել ոչ միայն այն դեպքում, երբ այդպիսին սահմանված է ուղղակիորեն, այլ նաև այն դեպքում, երբ այն բխում է կողմերի ընդհանուր կամքից , որն իր հերթին ենթակա է բացահայտման՝ հիմք ընդունելով պայմանագրի մեկնաբանման կանոնները, հաշվի առնելով պայմանագրի նպատակը:
Պարտավորության նորացման դեպքում չի պահանջվում որևէ գույքի, այդ թվում` դրամական միջոցի փոխանցում, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածը`անփողության հիմքով փոխառության պայմանագիրը վիճարկելու վերաբերյալ, տվյալ իրավիճակների համար կիրառելի չէ:

Call Now