Խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքի առանձնահատկությունները:

Վճռաբեկ դատարանն  թիվ ԵԿԴ/0631/02/13 քաղաքացիական գործով անդրադարձել է խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքի առանձնահատկություններին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Քաղաքացիական իրավունքի սուբյեկտները գործարք են կնքում որոշակի նպատակով և այդ նպատակին հասնելու համար արտահայտում են իրենց կամքը, որն էլ պետք է արտահայտվի առանց որևէ արտաքին ազդեցության, ուստի այն դեպքերում, երբ գործարք կնքող անձն ազատ չի արտահայտել իր կամքը, արտաքին ազդեցության հետևանքով նրա կամքը խաթարվել է, նա իրավունք ունի վիճարկել այդպիսի կամահայտնությամբ կնքված գործարքը:
Այդ տիպի գործարքներն անվավեր ճանաչելու հիմքն արտաքին հակաիրավական գործողությունների միջոցով անձին խեղաթյուրված կամք դրսևորելուն հասցնելու հետևանքով նրա կամքին չհամապատասխանող գործարք կնքելն է: Նման գործարք է նաև խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքը:
Խաբեությունը գործարքի կողմերից մեկի գիտակցաբար դրսևորած անբարեխիղճ վարքագիծն է՝ ուղղված նրան, որ գործարքի մյուս կողմն իր համար ձեռնտու պայմաններով կնքի գործարքը: Գործարքի կնքման մեջ շահագրգռված, անբարեխիղճ կողմն իր մեղավոր գործողություններով մյուս՝ տուժող կողմի մոտ ստեղծում է իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի, պայմանների վերաբերյալ՝ ազդելով նման գործարք կնքելու նրա որոշման վրա: Ընդ որում, եթե տուժող կողմի կամքը խաթարվել է գործարքի կողմ (ներկայացուցիչ) չհանդիսացող այլ անձանց կողմից՝ առանց գործարքի կողմի որևէ կերպ մասնակցության, ապա գործարքը չի կարող վիճարկվել խաբեության հիմքով, քանի որ գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված որակելու համար անհրաժեշտ պայման է այն, որ գործարք կնքելիս տուժող կողմի կամքը խաթարված լինի գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) մեղավոր վարքագծի՝ այդ թվում և այլ անձանց միջոցով դրսևորված գործողությունների հետևանքով:
Այսպիսով, գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված լինելու հիմքով անվավեր ճանաչվելու համար տուժող կողմը պետք է որոշակի ապացույցներ ներկայացնի իր կամքը խաթարվելու հարցում գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) կողմից անձամբ կամ այլ անձանց միջոցով մեղավոր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) մասնակցության մասին:

Call Now