Գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու իրավունքը:

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու նախադրյալներին այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գույքը ձեռք է բերվել այն օտարելու լիազորություն չունեցող անձից (քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0056/02/13):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքը ձեռք բերողը կարող է օրենսդրության տեսանկյունից դիտվել որպես բարեխիղճ ձեռք բերող, եթե գույքը ձեռք է բերել այն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ: Օրենսդիրն ամրագրել է այն ելակետային դրույթը, որ այս պարագայում գույքը հետ չի կարող պահանջվել բարեխիղճ ձեռք բերողից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որոշ նախապայմանների առկայության պարագայում, այնուամենայնիվ, հնարավորություն է նախատեսված նման գույքը հետ պահանջելու բարեխիղճ ձեռք բերողից, ինչը նպատակ է հետապնդում հավասարակշռելու նաև գույքի սեփականատիրոջ իրավունքները` հաշվի առնելով, որ որոշ դեպքերում հնարավոր է, որ գույքը վերջինիս տիրապետությունից դուրս եկած լինի անկախ սեփականատիրոջ կամքից: Այս պարագայում օրենսդիրն առաջնորդվել է այն դրույթով, որ սեփականատերը նպատակ չի ունեցել գույքը տնօրինելու օտարման եղանակով:
Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետը սահմանել է, որ բարեխիղճ ձեռք բերողից սեփականատերն իրավունք ունի տվյալ գույքը պահանջելու հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում`

  1. գույքը ձեռք է բերվել հատուցմամբ,
  2. գույքը ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից,
  3. գույքը ձեռք բերողը չի իմացել կամ չէր կարող իմանալ դրա մասին,
  4. սեփականատերը կամ գույքը տիրապետողը կորցրել են գույքը, կամ այն նրանցից հափշտակվել է, կամ դուրս է եկել նրանց տիրապետումից այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից։

Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ գույքն օտարելու լիազորության բացակայության դրսևորումներն օրենսդիրը հստակ չի թվարկել` դատարաններին հնարավորություն տալով այդ մասին հետևություններ անելու՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Մասնավորապես` այդ հանգամանքի մասին կարող են վկայել, օրինակ, գույքն օտարողի մոտ սեփականության իրավունքի բացակայությունը, սեփականատիրոջ անունից հանդես գալու լիազորության բացակայությունը և այլն:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է այն իրավիճակին, երբ գույքն օտարվել է սեփականատիրոջ անունից հանդես եկող ներկայացուցչի կողմից, սակայն առանց բավարար լիազորությունների առկայության: Վճռաբեկ դատարանը հավելել է, որ լիազորագիրը` որպես միակողմ գործարք, նախևառաջ հանդիսանալով կամային ակտ` պետք է համապատասխանի լիազորողի ներքին կամքին: Հետևաբար այն պարագայում, երբ լիազորագրում արտացոլված բովանդակությունն իրականում չի համապատասխանում լիազորողի ներքին կամքին, այսինքն` լիազորողը նման կամահայտնությամբ հանդես չի եկել, ապա լիազորագրի հիման վրա կատարված գործողություններին գնահատական տալիս պետք է հաշվի առնել նշված հանգամանքը:

Call Now