5000 դրամը չգերազանցող գումարը չի կարող առաջացնել քրեական պատասխանատվություն
ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն՝ գողության հանցակազմի առկայության համար պարտադիր է, որպեսզի գողոնը լինի զգալի չափով:
Վճռաբեկ դատարանը գտնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված գողության հասարակ հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիրհատկանիշի` հափշտակության զգալի չափի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր 2019 թվականի փետրվարի 7-ին թիվ ՍԴ1/0016/01/16 արտահայտել է իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: Գողության եղանակով հափշտակության համար քրեական և վարչական պատասխանատվություն նախատեսող վերը նշված նորմերի և դրանց համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրն առանձնացրել է գողությունը՝ որպես վարչական իրավախախտում և որպես քրեական հանցանք՝ տարանջատման չափանիշ ընդունելով հափշտակության չափը, որը պետք է հաշվի առնվի պատասխանատվության կոնկրետ տեսակն ընտրելիս։ Իսկ հափշտակության չափերի օրենսդրական տարբերակումն արտահայտվում է նրանում, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, գողության զանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշ նախատեսելով մանր չափը, իբրև այդպիսին սահմանել է գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), ինչը ենթադրում է, որ վարչական պատասխանատվություն սահմանված է մինչև 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ գումարը (արժեքը) ներառյալ կատարված հափշտակության համար։ Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքն իբրև գողության եղանակով հափշտակության զգալի չափ ամրագրել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը)։
Այլ կերպ՝ քրեական պատասխանատվությունը վրա է հասնում 5000 (հինգ հազար) ՀՀ դրամը գերազանցող գումարի (արժեքի) չափով հափշտակություն կատարելու դեպքում։ Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գողության հասարակ հանցակազմի համար հափշտակության չափի վերին սահմանը մինչև 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը ներառյալ գումարն է (արժեքը)։ Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով որակելու համար, անհրաժեշտ է, որպեսզի հափշտակված գումարը (արժեքը) գերազանցի նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, հաստատվում է նաև հափշտակության խոշոր չափի վերաբերյալ օրենսդրական կարգավորմամբ, համաձայն որի՝ նման չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը)։ Հաշվի առնելով, որ մինչև 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը ներառյալ գումարը (արժեքը) ներառված է հափշտակության զգալի չափի մեջ, հետևաբար օգտագործելով «հինգհարյուրապատիկից» եզրույթը՝ օրենսդիրն ի նկատի է ունեցել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը գերազանցող գումարը (արժեքը)։ Ըստ այդմ, գողության եղանակով հափշտակության զգալի չափի օրենսդրական բնորոշման մեջ օգտագործվող «հնգապատիկից» եզրույթը պետք է մեկնաբանվի որպես 5000 (հինգ հազար) ՀՀ դրամը գերազանցող գումար (արժեք)։ Ուստի, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը) չի կարող դիտվել որպես գողության զգալի չափ և առաջացնել քրեական պատասխանատվություն: