Վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում կողմերի ստացածը հետ վերադարձնելը:

Վճռաբեկ դատարանն թիվ ԵԿԴ/2917/02/12 քաղաքացիական գործով անդրադարձել է վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում գործարքով կողմերից յուրաքանչյուրի ստացածը վերադարձնելու առանձնահատկություններին:
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսել է ընդհանուր կանոն գործարքի անվավերության հետևանքների վերաբերյալ, այն է` կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է բացառություն այն դեպքերի համար, երբ ստացածը բնեղենով վերադարձնելն անհնար է: Նման դեպքերում կողմը պարտավոր է հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով: Որպես բացառություն` օրենսդիրն ինքնին նախատեսել է գույքից օգտվելը, այսինքն` կողմը, որն անվավերությանը նախորդող ժամանակահատվածում օգտվել է գույքից, որպես գույքից օգտվելը բնեղենով վերադարձնելու անհնարինություն՝ պարտավոր է հատուցել գույքից օգտվելու արժեքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարձակալության պայմանագրի անվավերության հետևանքների կիրառումն ունի հետևյալ առանձնահատկությունները`

  • վարձակալության պայմանագրով վարձակալի ստացածը դրսևորվում է գույքի օգտագործմամբ, հետևաբար՝ այն բնեղենով վերադարձնելն անհնար է,
  • վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում վարձակալը պարտավոր է սեփականատիրոջը հատուցել գույքից օգտվելու արժեքը,
  • վարձակալության պայմանագրով վարձակալի ստացածը՝ գույքից օգտվելու արժեքը, որոշվում է տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:Հաշվի առնելով վերոնշյալ իրավական վերլուծությունները և վարձակալության պայմանագրի առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում վարձատուն իրավունք ունի պահանջել գույքը բնեղենով, ինչպես նաև որպես վարձակալության պայմանագրի անվավերության հետևանք գույքի փաստացի տիրապետման ամբողջ ժամանակահատվածի համար գույքից օգտվելու արժեքը՝ այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է:
Call Now