Քաղաքացիական

Ի՞նչ հետևանք կարող է ունենալ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում գինը չնշելը:

Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում կողմերի գրավոր համաձայնեցված գնի մասին պայմանի բացակայության դեպքում դրա վաճառքի պայմանագիրը համարվում է չկնքված:

Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի ո՞ր կողմն է (Գնորդը կամ Վաճառողը) պարտավոր վճարել սեփականության իրավունքի պետական գրանցման համար սահմանված ծառայությունների վճարն ու պետական տուրքը:

Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով սեփականության իրավունքի պետական գրանցման համար ծառայությունների վճարն ու պետական տուրքը պարտավոր է վճարել այն կողմը, ով ըստ պայմանագրի կրում է այդ վճարումները կատարելու պարտականությունը:

Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից բխող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը վճարովի է, թե՞ անվճար:

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար Դուք պարտավոր եք կատարել երկու տեսակի վճարում` մատուցված ծառայության վճար և գրանցում կատարելու դիմաց պետական տուրք:
Պետական գրանցման ծառայության դիմաց վճարը կազմում է 25.000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ գումար, իսկ այն դեպքում, երբ վաճառվող անշարժ գույքը գյուղատնտեսական նշանակության հողամաս է, ապա սեփականության իրավունքը գնորդին փոխանցելու պետական գրանցման ծառայության դիմաց վճարը կազմում է 2.000 (երկու հազար) ՀՀ դրամ գումար:
Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար պետական տուրքի գումարը կախված անշարժ գույքի տեսակից տարբեր է:

Մ.-ն փոխառությամբ (պարտքով) գումար է խնդրել Ն.-ից: Մ.-ն կարող է գումարը տրամադրել միայն արտարժույթով: Հնարավո՞ր է, արդյոք, փոխառության պայմանագրի կնքումը արտարժույթով:

Այո, փոխառությունը հնարավոր է իրականացնել արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառություններից, որոնք տրվում են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից, այսինքն` հանդիսանում են վարկ:

Ժ.-ն ցանկանում է թոռնիկին` Ս.-ին, փոխանցել գումար, որը Ս.-ին հարկավոր է ուսման վարձը վճարելու համար, սակայն գումարը Ժ.-ն պատրաստվում է փոխանցել արտարժույթով: Հնարավո՞ր է, արդյոք, նման կերպ կատարել փոխանցումը:

Այո, ոչ առևտրային բնույթի փոխանցումները ՀՀ տարածք և ՀՀ տարածքից դուրս, ներառյալ` կենսաթոշակների, ժառանգությունների, ֆինանսական օգնության, նվիրատվությունների փոխանցումները, բացառությամբ աշխատավարձի վճարումների, կարող են իրականացվել նաև արտարժույթով` ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

Փ.-ն ՀՀ քաղաքացի է, պատրաստվում է վաճառել իր բնակարանը, սակայն գնորդն արտերկրից է և ցանկանում է վճարել ոչ թե ՀՀ դրամով, այլ ԱՄՆ դոլարով: Կարո՞ղ է, արդյոք, պայմանագրում գինը նշվել արտարժույթով:

Ոչ, քանի որ անկախ այն հանգամանքից, գնորդը ՀՀ քաղաքացի է, թե ոչ, ՀՀ քաղաքացու կողմից անշարժ գույքի վաճառքի դեպքում վճարումը պետք է կատարվի ՀՀ դրամով:

Կ.-ն ունի կենսաթոշակ ստանալու իրավունք: Ի՞նչ պետք է նա անի կենսաթոշակ ստանալու համար:

Կ.-ն կենսաթոշակ ստանալու համար գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Կ.-ի հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանումում:

Ի՞նչ տեսակի կենսաթոշակներ են գործում ՀՀ-ում:

ՀՀ-ում գործում են կենսաթոշակների հետևյալ տեսակները`
1. աշխատանքային`
ա) տարիքային,
բ) արտոնյալ պայմաններով,
գ) երկարամյա ծառայության,
դ) հաշմանդամության,
ե) կերակրողին կորցնելու դեպքում,
զ) մասնակի:

2. զինվորական`
ա) երկարամյա ծառայության,
բ) հաշմանդամության,
գ) կերակրողին կորցնելու դեպքում:

Թ.-ն դիմել է ՔԿԱԳ մարմին` անունը փոխելու համար: Թ-ն մտավախություն ունի, որ դիմումը կարող է մերժվել: Ո՞ր դեպքերում ՔԿԱԳ մարմինն իրավունք ունի մերժել անվան փոփոխության վերաբերյալ դիմումը:

Անվան փոփոխության վերաբերյալ դիմումը մերժվում է, եթե
1. այն չի համապատասխանում դրա ներկայացման համար սահմանված պահանջներին,
2. անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ,
3. անունը փոխել ցանկացող անձը կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն:
Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում:

Կարո՞ղ է անձը փոփոխել իր անունը:

16 տարին լրացած անձն իրավունք ունի իր դիմումի համաձայն փոխելու իր անունը, որը ներառում է իր անունը, հայրանունը և ազգանունը: 16 տարեկանից բարձր անձանց անվան փոփոխման գրանցում կատարել թույլատրվում է միայն հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝
1.անվան, ազգանվան, հայրանվան անբարեհնչության,
2.անվան, ազգանվան, հայրանվան արտասանության դժվարության,
3. ամուսնու ցանկության՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու,
4. մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության,
5. երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, կամ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով,
6. դիմողի՝ փաստորեն դաստիարակվող անձի անունով հայրանուն և ազգանուն կրելու ցանկության,
7. դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն և անուն կրելու ցանկության,
8. դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկության,
9. եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն:
Մինչև 16 տարեկան երեխաների անվան փոփխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի (ծնողների) կամ օրինական ներկայացուցիչների կողմից: Եթե երեխայի 10 տարին արդեն լրացել է, ապա անվան փոփոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը:

Մ.-ն արդեն չափահաս է, սակայն չունի ծննդյան վկայական: Ինչպե՞ս նա կարող է ստանալ ծննդյան վկայական:

Ծննդի պետական գրանցումն իրականացվում է Մ.-ի դիմումի հիման վրա, այսինքն՝ Մ.-ն կարող է դիմում ներկայացնել իր բնակության վայրի ՔԿԱԳ մարմին՝ ծննդյան վկայական ստանալու համար:

Կարելի՞ է արդյոք պարտքով գումար տալ և տոկոսներ ստանալ դրա դիմաց:

Այո: Փոխատուն իրավունք ունի պարտքով տրված գումարից տոկոսներ ստանալ փոխառուից: Պայմանագրում պետք է նշվեն տոկոսների չափը և ինչպես են դրանք հաշվարկվելու: Եթե պայմանագրում չեն սահմանել, թե ինչպես պետք է վճարվեն տոկոսները, ապա դրանք պետք է վճարվեն յուրաքանչյուր ամիս: Ստացվելիք տոկոսների չափը չի կարող ավել լինել, քան ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Ներկայումս հաշվարկային դրույքը կազմում է տարեկան 12 տոկոս, այսինքն այս դեպքում ստացվելիք տոկոսների չափը չի կարող ավել լինել տարեկան 24 տոկոսից:

Բ.-ն պարտքով գումար է տվել Գ.-ին: Ինչպե՞ս պետք է դա ձևակերպել հետագայում խնդիրներից խուսափելու համար:

Պարտքով գումար հանձնելը համարվում է փոխառության պայմանագիր, որը պետք է կազմվի գրավոր: Որպես այդպիսի պայմանագրի ապացույց կարող է լինել, օրինակ, գումար վերցնողի կողմից տրված ստացականը: Պայմանագրում կամ ստացականում նշվում է Բ.-ի անունը, ազգանունը և հայրանունը, անձնագրային տվյալները և Գ.-ի միևնույն տվյալները: Պետք է հստակորեն նշել գումար տալու փաստը, ամսաթիվը և վերադարձման ժամկետը:

Ռ.-ն պատրաստվում է եղբոր տղային նվիրել իր նկարների թանկարժեք հավաքածուն, սակայն ցանկանում է, որ այն դեպքում, եթե Ռ.-ն ավելի երկար ապրի, քան եղբոր տղան, ապա նվիրատվությունը վերացնվի: Կարո՞ղ է Ռ.-ն նման կերպ վարվել:

Այո: Ռ.-ն որպես նվիրատու նվիրատվության պայմանագրում կարող է սահմանել նվիրատվությունը վերացնելու իր իրավունքը, եթե նվիրառուից ավելի երկար ապրի:

Ք.-ի եղբոր աղջիկը որոշակի ծախսեր է կատարել՝ կապված նվիրատվության պայմանագրի կնքման հետ: Արդյո՞ք Ք.-ի եղբոր աղջիկը իրավունք ունի Ք.-ից պահանջել հատուցել իր կողմից կատարված ծախսերը:

Ոչ: Ք.-ի հրաժարվելը նվիրատվության պայմանագիրը կատարելուց նվիրառուին իրավունք չի տալիս պահանջել վնասների հատուցում:

Լ.-ն ցանկանում է իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը նվիրել իր թոռնիկին՝ Կ.-ին: Նվիրատվության դիմաց Լ.-ն պահանջում է իրեն ի մահ ապահովել դեղորայքով և առաջին անհրաժեշտության այլ միջոցներով: Հնարավո՞ր է, արդյոք, պայմանով նվիրատվություն:

Ոչ: Նվիրատվության պայմանագրով Կ.-ի տատիկը՝ որպես նվիրատու պարտավորվում է Կ.-ին ի սեփականություն հանձնել իր բնակարանը: Նման պայմանագիրը հանդիսանում է շինծու գործարք, այսինքն՝ մեկ այլ գործարքը թաքցնելու նպատակով կնքված գործարք և հանդիսանում է առոչինչ:

Ա.-ն գնել է առանձնատուն և դրա նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո պարզել է, որ տվյալ գույքի գծով կա գույքահարկի չմարված պարտականություն: Արդյո՞ք Ա.-ն պարտավոր է մարել կուտակված պարտքը, եթե այն առաջացել է մինչ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Այո: Գույքահարկով հարկվող գույք, իսկ տվյալ դեպքում առանձնատուն, ձեռք բերելու դեպքում, եթե դրա գծով կա գույքահարկի չմարված պարտականություն, ապա այն մարելու պարտականությունը կրում է նոր սեփականատերը, այսինքն՝ Ա.-ն որպես գնորդ:

Արդյո՞ք նոտարը կարող է դիմել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե Ձեր իրավունքների գրանցման համար:

2015 թվականից Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և նոտարների միջև փաստաթղթաշրջանառությունը իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Եթե Դուք համաձայն ենք, ապա պայմանագիրը վավերացվելուց հետո նոտարը էլեկտրոնային եղանակով դիմում է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ իրավունքի գրանցման համար: Այնուհետև նույն նոտարական գրասենյակից կարող եք ստանալ իրավունքի գրանցման վկայականը:

Ինչպե՞ս կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անհրաժեշտ է կնքել գրավոր: Հարկավոր է կազմել մեկ փաստաթուղթ, որը պետք է ստորագրեն վաճառողը և գնորդը, որը պետք է վավերացվի նոտարի կողմից: Հնարավոր է նաև պայմանագիրը կնքել անմիջապես անշարժ գուքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակում, այդ դեպքում նոտարական վավերացում չի պահանջվում: Դուք կարող եք դիմել ցանկացած տարածքի նոտարի՝ խնդրելով վավերացնել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին պարտադիր պետք է գրանցվի՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Դուք կարող եք դիմել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակ:

Ո՞րն է հողի հարկով հարկման օբյեկտը` հո՞ղը, թե՞ հողից ստացվող եկամուտը:

Գյուղատնտեuական նշանակության հողերի համար հարկման oբյեկտ է հանդիuանում հողի կադաuտրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը: Ոչ գյուղատնտեuական նշանակության հողերի համար հարկման oբյեկտ է հանդիuանում հողի կադաuտրային գնահատման արժեքը /Հոդ 2/:

Միմյանց նկատմամբ ինչպիսի՞ իրավունքներ և պարտականություններ ունեն չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձիք:

Եթե գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինների ամուսնության ընթացքում գույքի նկատմամբ հավասար իրավունքները ծագում են օրենքի ուժով հենց միայն գրանցված ամուսնության փաստի հիման վրա, ապա չգրանցված ամուսնության մեջ գտնվող /փաստացի ամուսնական հարաբերություն/ ամուսինները, միմյանց հետ գույքային վեճ ունենալիս, յուրաքանչյուրը պարտավոր է ապացուցել տվյալ գույքի ձեռքբերմանն իր մասնակցության աստիճանը: Իրավիճակը չի փոխում նաև երեխաների առկայությունը` երեխաներն իրենց ծնողների գույքի նկատմամբ ունեն միայն ժառանգության իրավունք, ծնողների կենդանության օրոք ծնողների գույքի նկատմամբ համասեփականատեր չեն դառնում: ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է. «Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ: Համատեղ ապրող երեխաները և ծնողները կարող են օգտվել միմյանց գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքից փոխադարձ համաձայնությամբ»: Այդ հարցերը կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով:

Ո՞ր դեպքերում կարող է մերժվել ինքնակամ կառույցի օրինական ճանաչումը:

Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 5-րդ կետը նվիրված է ինքնակամ կառույցի օրինական ճանաչումը մերժելու հիմքերին: Նկատի ունենալով, որ այն սպառիչ է, մեջբերվում է ամբողջապես: «Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք»: Ինքնակամ կառույցի օրինական ճանաչման դիմումի մերժումը պետք է հիմնավորված լինի օրենքի այս պահանջներից որևէ մեկով կամ մի քանիսով, հակառակ դեպքում` մերժումն անօրինական է:

Ի՞նչ է սեփականության իրավունքի պետական գրանցումը և ո՞րն է դրա իմաստը:

ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը որոշակի տեսակի գույքի նկատմամբ իրավունքի ծագման պահ է համարում տվյալ իրավունքի պետական գրանցման պահը: Անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում չունեցող իրավունքը` սեփականություն, վարձակալություն, գրավ և այլն, չի ճանաչվում: Իրավունքի պետական գրանցումը տվյալ իրավունքի պաշտպանության երաշխիքներից մեկն է: Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում չունեցող անձը տվյալ գույքի հետ կապված որևէ օրինական գործարք կատարել չի կարող:

Կ՞ան արդյոք գույքային իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար ժամկետային սահմանափակումներ:

Հիշատակված օրենքով պարտադիր է համարվում գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը 30-օրյա ժամկետում` հաշված գործարքի կնքման պահից: Այդ ժամկետի բացթողումը գործարքը դարձնում է առոչինչ /23-րդ հոդ./:

Ի՞նչ է հայցային վաղեմությունը և սեփականության իրավունքի պաշտպանության համար դիմելու ինչպիսի՞ ժամկետ է նախատեսված:

Հայցային վաղեմությունն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում իրավունքը խախտած անձի հայցով կարող է պաշտպանվել այդ իրավունքը: Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, որը հաշվարկվում է այն պահից, երբ անձն իմացել է կամ պետք է իմանար իր իրավունքի խախտման մասին: Նախատեսվում են նաև առանձին պահանջների նկատմամբ կրճատ կամ ավելի երկար ժամկետներ /Քաղաքացիական օրենսգիրք 331-րդ, 332-րդ հոդվածներ/: Հայցային վաղեմության ժամկետն ընդհատվում է դատարան հայց ներկայացնելով: Պետական կամ այլ մարմիններին դիմելը հայցային վաղեմության ընդհատում կամ կասեցում չի առաջացնում: Հայցային վաղեմությունը չի տարածվում`
• սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջի վրա, թեկուզ և այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ.
• պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն ակտերը անվավեր ճանաչելու` սեփականատիրոջ պահանջների վրա, որոնցով խախտվել են սեփականատիրոջ` գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները:

Աշխատողի մահվան դեպքում ինչպե՞ս է կատարվում նրա աշխատավարձի վճարումը:

Համաձայն ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 197 հոդվածի. «Աշխատողի մահվան դեպքում նրան հաuանելիք աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին` մահվան վկայականը եւ ընտանիքի անդամ լինելու փաuտը հավաuտող անհրաժեշտ այլ փաuտաթղթեր անձի մահվանից հետո` վեց ամuվա ընթացքում, ներկայացնելու դեպքում: Վճարումները կատարվում են նշված փաuտաթղթերը ներկայացնելուց հետո` աշխատանքային երեք oրվա ընթացքում: Uահմանված ժամկետում չuտացված աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ oրենuդրությամբ uահմանված կարգով ենթակա են ժառանգման»:

Call Now