Ի՞նչ պետք է հասկանալ ժառանգության զանգված ասելով:

Ժառանգության զանգվածն այն ամենն է, ինչը կենդանության օրոք պատկանել է մահացածին և պահպանվել նրա մահից հետո: Այն կարող է իրենից ներկայացնել շարժական կամ անշարժ գույք,  դրամ, արժեթղթեր, գույքային իրավունքներ  և պարտավորություններ, որոնք չեն դադարում նրա մահվամբ և կարող են փոխանցվել նրա ժառանգներին:
Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում և ժառանգման կարգով չեն փոխանցվում ժառանգատուի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես՝
•    ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները,
•    քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը,
•    անձնական ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական բարիքները,
•    այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում օրենքով:
Ժառանգական զանգվածի մեջ են մտնում, հետևաբար ժառանգման առարկա են հանդիսանում և ժառանգներին են փոխանցվում ոչ միայն ժառանգատուի սեփականությունը համարվող գույքը (բնակարան, մեքենա, կենցաղային իրեր, դրամ և այլն), այլև նրա գույքային իրավունքները և պարտավորությունները:

Call Now