Ի՞նչ եղանակով է հնարավոր տեղեկանալ հարուցված կատարողական վարույթների և հարկադիր կատարողի կողմից կիրառված արգելանքների մասին:
Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց անմիջապես հետո պարտավորության չափով արգելանք է դնում պարտապանի գույքի և/կամ դրամական միջոցների վրա: Հարկադիր կատարողի որոշման պատճենը ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին։
Պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքի մասին պարտապանը կարող է տեղեկանալ մինչև համապատասխան փոստային ծանուցումը ստանալը, եթե օգտվում է հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի վրա առկա Telegram Messenger հավելվածից: Վերջինիս միջոցով կապ է հաստատվում ԴԱՀԿ բոտ-ի հետ, և օգտատերը, հավաքելով Հանրային ծառայությունների համարանիշը՝ ՀԾՀ-ն (սոցիալական քարտի 10 նիշանոց թիվը), վայրկյանների ընթացքում կարող է ստանալ տեղեկություն իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների, յուրաքանչյուր նոր հարուցված կատարողական վարույթի, արգելանքների կիրառման և դրանց վերացման մասին։