Եվս 9 ոլորտի աշխատակիցներ կօգտվեն կառավարության աջակցության 8-րդ ծրագրից:

Կառավարությունը հունիսի 4-ին որոշում ընդունեց «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ։
Հակաճգնաժամային 8-րդ ծրագրից կարող են օգտվել նաև ներքոնշյալ ոլորտների աշխատակիցները․
1. մանածագործական արտադրատեսակների արտադրություն.
2. փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից.
3. թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն.
4. ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն.
5. համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն.
6. էլեկտրական սարքավորանքի արտադրություն.
7. ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն.
8. համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում.
9. ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:
Հավելենք նաև, որ աջակցությունից կկարողանան օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները։
Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ։
Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապաաջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։
Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։

Call Now