30 աշխատանքային օրվա ընթացքում պետական գրանցման ներկայացնելու պահանջը չպահպանելը

Օրեր առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության է առել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով ամրագրված այն իրավակարգավանորմերի սահմանադրականության հարցին, որոնք վերաբերում են նոտարական վավերացում պահանջող գործարքներից ծագող իրավունքները սահմանված ժամկետում գրանցելու պահանջին դրա իրավական հետևանքներին:

Ինչպես հայտնի է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից /բացառությամբ միակողմ գործարքների/ ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Հիշյալ պահանջի չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերությանը: Նման գործարքն առոչինչ է: Վկայակոչված ժամկետի խախտմամբ ներկայացված իրավունքի գրանցման դիմումներն գրանցում իրականացնող մարմնի կողմից ենթակա են մերժման: Ընդ որում, օրենսդրությամբ բացակայում է վկայակոչված 30-օրյա ժամկետը վերականգնելու որևէ իրավական հնարավորություն անգամ այն դեպքերում, երբ ժամկետի բացթողումը եղել է հարգելի որևէ պատճառներով:
Վերը վերը նշված իրավակարգավորումների սահմանադրականության հարցը քննության առարկա դարձնելիս ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման պարտականություն սահմանելով և պետական գրանցման ենթակա իրավունքների ծագումն այդպիսի գրանցմամբ պայմանավորելով, գրանցման ժամկետ սահմանելով և այդ ժամկետի խախտմամբ պայմանավորվախ իրավական բացասական հետևանք նախատեսելով օրենսդիրը հետապնդել է իրավաչափ նպատակ:
Ըստ դատարանի, դրանով օրենսդիրն իրավական առումով պարզություն և որոշակիություն է հաղորդել գույքի նկատմամբ սեփականության իրավունքին: Սակայն, իրավաչափ նպատակ հետապնդող այս կարգավորումն ընդունելիս օրենսդիրը պետք է հաշվի առներ Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված համաչափության սկզբունքը, ըստ որի հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:Անդրադառնալով 30 աշխատանքային օրվա ընթացքում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար դիմում չներկայացնելու դեպքում առաջացող բացասական իրավական հետևանքի՝ պիտանի լինելու օրենսդրական չափանիշին՝ դատարանը գտել է, որ նման կարգավորման նպատակը անշարժ գույքի սեփականության շուրջ առկա իրավական անորոշությունը վերացնելն է, և հետևաբար հիշյալ նպատակին հասնելու համար բացասական հետևանի՝ գործարքի անվավերության նախատեսումը, ըստ էության, պիտանի միջոց է: Այդուհանդերձ, ընտրված միջոցը պետք է լինի նաև անհրաժեշտ: Ըստ այդմ՝ միջոցն անհրաժեշտ է, եթե չկա մեկ այլ՝ ավելի մեղմ միջամտող միջոց, որով հնարավոր կլինի նույն արդյունավետությամբ հասնել անհրաժեշտ նպատակին:
Անդրադառնալով հիշյալ պահանջին՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից սահմանված կարգավորումն անհրաժեշտ չէ, քանի որ որպես ավելի մեղմ մջոց չի նախատեսվել բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն բոլոր այն դեպքերի համար, երբ ժամկետի բացթողումը տեղի է ունեցել առանց անձի մեղքի:
Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով ամրագրված այն իրավանորմը, այն մասով, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքերի ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից/բացառությամբ միակողմ գործարքների/ ծագող իրավունքներն այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած՝ ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում պետական գրանցման ներկայացնելու պահանջը չպահպանելը՝ առանց ժամկետը բաց թողնելու պատճառները հաշվի առնելու, հանգեցնում է գործարքի անվավերության, ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը հակասող:Համապատասխանաբար, Սահմանադրությանը հակասող է ճանաչվել նաև քննարկվող օրենքի այն դրույթը, որը խոչընդոտում է հարգելի պատճառով 30-օրյա ժամկետի խախտմամբ ներկայացված դիմումների հիման վրա գործարքից ծագող իրավունքի գրանցմանը:
Դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի հունիսի 1-ը՝ Ազգային ժողովին հնարավորություն տալով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ իրավակարգավորումները համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:

Call Now ButtonCall Now