Սնանկ ճանաչելու հիմքում ընկած դատական ակտը վերանայելը:

Թիվ ԵՇԴ/0133/04/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանն անդրադարձել է հետևյալ հարցադրումներին.
1) Արդյո՞ք սնանկ ճանաչելու մասին վճռի հիմքում դրված դատական ակտը վերացվելու պայմաններում գործի նոր քննության ժամանակ հարկադրված սնանկության դիմումի քննության համար կարող են էական նշանակություն ունենալ պարտապանին՝ սնանկ ճանաչելու դիմումում չնշված այլ պարտավորությունները:
2) Պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը հետագայում, մասնավորապես` նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով բեկանվելու պայմաններում արդյո՞ք ինքնըստինքյան վերացված են համարվում սնանկության վարույթում կայացված այլ դատական ակտերը, մասնավորապես՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու որոշումը:
Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ քանի դեռ առկա է օրինական ուժի  մեջ մտած չկատարված վերջնական դատական ակտ, որով հաստատվել է որոշակի պարտավորություն, նշված պարտավորությունը վիճարկվել չի կարող: Պարտավորության անվիճելիությունը կարող է վերանալ, եթե միայն վերացվի համապատասխան դատական ակտը (օրինակ՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով):
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հարկադրված սնանկության դիմումում նշված հիմքերը, մասնավորապես՝ կոնկրետ վճարային պարտավորությունը, կաշկանդում են դատարանին՝ քննելու միայն դիմումում նշված հանգամանքների՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխանությունը: Նման դեպքերում նույնպես գործի նոր քննության ընթացքում դատարանը պետք է առաջնորդվի սնանկության դիմումի հիմքերով անգամ այն պարագայում, երբ գործում առկա են այլ ապացույցներ պարտապանի պարտավորությունների վերաբերյալ, այդ թվում՝ եթե անգամ հաստատված է պահանջների վերջնական ցուցակը:
2) Անդրադառնալով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատվելուց հետո սնանկ ճանաչելու մասին վճիռը որևէ հիմքով բեկանվելու դեպքերին` Վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ պահանջների հաստատման փուլը սկսվում է միայն պարտապանին սնանկ ճանաչելուց հետո: Հետևաբար, եթե որևէ պատճառով (մասնավորապես՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով) վերանում է սնանկ ճանաչելու հարցի քննության արդյունքում կայացված պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա ենթադրում է հետագա փուլերի, այդ թվում՝ պահանջների հաստատման փուլի շարունակման անտրամաբանությունը: Այսինքն՝ եթե պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն այլևս գոյություն չունի, պարտապանը սնանկ համարվել չի կարող, հետևաբար առարկայազուրկ են դառնում նաև հետագա բոլոր փուլերը:

Call Now