Ապրանքների մատակարարում:
Վճռաբեկ դատարանը թիվ ԵՇԴ/0724/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում պատասխանել է հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք մի կողմի` էլեկտրոնային եղանակով դուրս գրված և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված (հաստատված) հարկային հաշիվը կարող է դիտվել բավարար կողմերի միջև մատակարարման իրավահարաբերության առկայության փաստը հաստատված որակելու համար, եթե այդ հաշվի վրա դրված է մյուս կողմի` այդ հաշիվն ստանալու փաստը հաստատող էլեկտրոնային ստորագրությունը:
Ինչպես ցանկացած պայմանագիր, ապրանքների մատակարարման պայմանագիրը ևս կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Այսինքն` ապրանքների մատակարարման իրավահարաբերության առաջացման համար անհրաժեշտ է, որ պայմանագրի կողմերը հստակորեն դրսևորեն իրենց կամահայտնությունն ապրանքների մատակարարման պայմանագիր կնքելու վերաբերյալ, և այդ կամքն ուղղված լինի մատակարար-վաճառողի դեպքում՝ իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում գնորդին հանձնելուն, իսկ գնորդի դեպքում՝ այդ ապրանքներն ընդունելուն և դրանց համար որոշակի գումար `վճարելուն: Նման կամքի դրսևորումը և դրա իրականացմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների իրականացումը, սակայն, դեռևս բավարար չէ ապրանքների մատակարարման իրավահարաբերության առկայության փաստն արձանագրելու համար: Միաժամանակ անհրաժեշտ է, որ կողմերի կամահայտնությունն ամրապնդված և ձևակերպված լինի ՀՀ օրենսդրությամբ գործարքի տվյալ տեսակի համար սահմանված կարգով:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապրանքների մատակարարման պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կա այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար: Ընդ որում, օրենսդիրը, ապրանքների մատակարարման պայմանագրի համար պարտադիր համարելով գրավոր ձևը, միևնույն ժամանակ որևէ նշում չի կատարել այդ ձևը չպահպանելու հետևանքների մասին, որի դեպքում գործում է վերը նշված 1-ին կանոնը, որի համաձայն` կողմերը զրկված չեն վեճի դեպքում ի հավաստումն ապրանքների մատակարարման պայմանագրի և դրա պայմանների գրավոր ու այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:
Ավելին` օրենսդիրը նաև չի սահմանել գրավոր ապացույցների սպառիչ ցանկը`
Հնարավորություն ընձեռելով ներկայացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կարող է տեղեկություններ պարունակել և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ կառավարության կողմից սահմանվել են էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման վերաբերյալ համապատասխան կարգեր: Ընդ որում, էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվ դուրս գրելու իրավասություն է վերապահվել օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկ վճարող համարվող այն անձանց, ովքեր հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ:
Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հարկային հաշիվները պետք է պարունակեն տվյալ տեսակի հաշվի համար պարտադիր համարվող տեղեկությունները, այդ թվում՝ համապատասխան գործարքի մասին տեղեկությունները, ունենան չկրկնվող և սահմանված կարգով գեներացված սերիա ու համար, որը հաշիվը նույնականացնող հիմնական վավերապայմանն է, ինչպես նաև պարտադիր վավերացվեն (հաստատվեն) նման իրավասություն ունեցող առնվազն մեկ անձի էլեկտրոնային ստորագրությամբ: Ընդ որում, լրացված հարկային հաշիվը չի կարող վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ, եթե դրանում լրացված չէ հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման):
Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե հարկային հաշիվը վավերացված է (հաստատված է) էլեկտրոնային ստորագրությամբ, և եթե այլ բան ապացուցված չէ, ապա դա նշանակում է, որ հարկային հաշիվը պարունակում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, իսկ այն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացրած և հաստատած անձինք նման իրավասություն ունեցող անձինք են, որոնց կողմից հարկային հաշիվը վավերացնելը և հաստատելը կարող է վկայել մատակարարման հարաբերություններ առաջացնելու կամահայտնության մասին: Այսպիսով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված իրավակարգավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մատակարարման գրավոր պայմանագիր կնքված չլինելու դեպքում մատակարարման հարաբերությունները կարող են հաստատվել էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթով՝ պայմանով, որ վերջինս պարունակի մատակարարման հարաբերությունների առկայությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ և ՀՀ կառավարության կողմից հաստատված ձևին համապատասխան տեղեկությունները, վավերացված և հաստատված լինի ինչպես ապրանքներ մատակարարող անձի, այնպես էլ գնորդի՝ նման փաստաթղթերը վավերացնելու կամ հաստատելու իրավասություն ունեցող անձի կողմից, այդ թվում՝ վերջինիս էլեկտրոնային ստորագրությամբ:
Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ մատակարարման գրավոր պայմանագրի բացակայության պայմաններում մատակարարման հարաբերությունների համար էական համարվող պայմանների՝ կողմերի, ապրանքների անվանման, քանակի, գնի, մատակարարման ժամկետի մասին տեղեկություններ պարունակող հաշվարկային փաստաթուղթը կարող է գնահատվել որպես մատակարարման հարաբերությունների առկայությունը հիմնավորող գրավոր ապացույց: