Միջազգային մասնավոր իրավունք
Օտարերկրյա քաղաքացիների` ներառյալ անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանական անձանց և օտարերկրյա իրավունքին համապատասխան իրավաբանական անձ չհամարվող կազմակերպությունների, քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությամբ, ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղաքացիական իրավունքների օբյեկտը գտնվում է արտասահմանում, քաղաքացիական իրավական հարաբերությունների նկատմամբ դատարանի կողմից կիրառվելիք իրավունքը որոշվում է սույն օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված միջազգային սովորույթների հիման վրա:
Կիրառվելիք իրավունքը որոշելիս դատարանը հիմնվում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան իրավաբանական հասկացությունների մեկնաբանության վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով: Եթե իրավական բնորոշում պահանջող իրավաբանական հասկացություններն անհայտ են Հայաստանի Հանրապետության իրավունքին կամ հայտնի են այլ անվանմամբ և այլ բովանդակությամբ ու չեն կարող բնորոշվել Հայաստանի Հանրապետության իրավունքի մեկնաբանման միջոցով, ապա դրանց իրավական բնորոշման դեպքում կիրառվում է օտարերկրյա պետության իրավունքը:
Օտարերկրյա իրավունք կիրառելիս դատարանը դրա նորմերի բովանդակությունը պարզում է համապատասխան օտարերկրյա պետությունում դրանց պաշտոնական մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան: Օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու նպատակով դատարանը սահմանված կարգով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության և արտասահմանի իրավասու մարմինների աջակցությանը կամ ներգրավել մասնագետների: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնել օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը հավաստող փաստաթղթեր, որոնք նրանք վկայակոչում են իրենց պահանջները կամ առարկությունները հիմնավորելիս կամ այլ կերպ աջակցել դատարանին այդ նորմերի բովանդակությունը պարզելու համար:
Այն դեպքերում, երբ կիրառվելու է այն պետության իրավունքը, որում գործում են մեկից ավելի իրավական համակարգեր, և անհնար է որոշել կիրառվելիք իրավական համակարգը, կիրառվում է այն իրավական համակարգը, որի հետ տվյալ հարաբերությունն առավել սերտ է կապված:
Հայաստանի Հանրապետությունը կարող է սահմանել պատասխան սահմանափակումներ (հակազդամիջոցներ) այն պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների նկատմամբ, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների սահմանափակումներ: