«ՀՀ դատական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. մարտի 30-ին: Օրենքները կառավարության կողմից նախաձեռնվել են հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու հիմնավորմամբ: Այս համատեքստում, օրենքների ընդունումը և կիրառումը պետք է հետապնդեն Սահմանադրությամբ ամրագրված դատական իշխանության անկախությունը առավել երաշխավորված դարձնելու նպատակ: Ուստի և օրենքները պետք է միտված լինեն դատական համակարգի դերի բարձրացմանն, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանն, ինչպես նաև դատավորների անկախության ու անձեռնմխելիության սկզբունքների պահպանմանը: Կարևոր է, որ բացառվեն դատավորների նկատմամբ անհիմն քրեական հետապնդումների որևէ իրավական հնարավորությունը կամ նրանց իրավունքների անհարկի սահմանափակումները: Կարևոր է նաև, որ օրենքների կիրառման արդյունքում բարձրանա դատարանների հեղինակությունը և արդարադատության նկատմամբ վստահությունը: Նախագահն ակնկալում է, որ օրենքներն անվերապահորեն կիրառվեն բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով որևէ ճնշում կամ միջամտություն դատական համակարգի գործունեության վրա: